Ադրբեջանցի գրողի կտրած ականջը 10 հազար են գնահատում. նա պատրաստ է լքել երկիրը
«Ժամանակակից Մուսավաթ» ադրբեջանական իշխանամետ կուսակցությունը որշում է կայացրել 10 հազար մանաթ (10 հազար եվրո) վճարել այն մարդուն, ով կկտրի գրող Աքրամ Այլիսլիի ականջը:
Կուսակցության առաջնորդ Հաֆիզ Հաջիևը «Թուրան» գործակալության հետ զրույցում հաստատել է, որ նման որոշում իրոք կայացվել է:
«Անցյալ շաբաթ մենք քննարկումներ ենք անցկացրել և նման որոշում կայացրել: Այդ որոշումը հստակ է և փոփոխության ենթակա չէ: Այլիսլիի համար բոլոր պատիժները քիչ են, պետք է նրա ականջը կտրել: Այդ որոշման իրականացումը հանձնարարվել է կուսակցության երիտթևի ներկայացուցիչներին: Որոշումն իրականացնողին կտրվի 10 հազար մանաթ», - ասել է կուսակցության առաջնորդը:
Մամուլում լայն շրջանառություն ստացած Հաջիևի հայտարարությունը առայժմ որևէ մեկնաբանություն չի ստացել իրավապահ մարմինների կողմից: Իրավաբանների գնահատականով՝ քաղաքական գործչին կարող են պատասխանատվության ենթարկել երկու հոդվածներով՝ ծանր մարմնական վնասվածքների հասցնել և բռնության կոչեր անել:
Աքրամ Այլիսլին արդեն իսկ պատասխանել է Հաջիևի հայտարարությանը՝ նշելով, որ նրանք, ովքեր հովանավորում են նրա կարգի մարդկանց, սպանում են ադրբեջանցի ժողովրդի բարոյականությունը:
«Թուրան» գործակալության միջոցով գրողը դիմել է իրավապահ մարմիններին՝ կոչ անելով ապահովել իր անվտանգությունը:
«Եթե իրավապահ մարմիններն այդ ուղղությամբ գործուն քայլեր չիրականացնեն, ես ընտանիքիս հետ ստիպված կլինեմ լքել երկիրը», - հայտարարլ է գրողը:
Հիշեցնենք, որ Ադրբեջանում Այլիսլիի վրա ճնշումները սկսվել են հայերի մասին «Քարե երազներ» վեպի հրապարակումից հետո: