2026 թ. մայիս 28, հինգշաբթի

Ժողովրդավարությունը լավ է, բայց... Գրողների միության նախագահը կոչ է անում ընտրել Սարգսյանին

Վանաձորի մանկավարժական ինստիտուտի դահլիճում երեկ ուսանողների հետ հանդիպում է կազմակերպվել, որին մասնակցել են Գրողների միության նախագահ Լևոն Անանյանը, Նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը և ՀՀԿ խմբակցության պատգամավոր Շիրակ Թորոսյանը:

Ինչպես Epress.am-ի հետ զրույցում ասել է Գյումրիի «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը, հանդիպմանը բանախոսները բաց տեքստով քարոզել են և կոչ արել ընտրել Սերժ Սարգսյանին:

Բարսեղյանի փոխանցմամբ՝ Անանյանը, մասնավորապես, հավաքվածներին ասել է, որ հանդիպումը կազակերպել է ՀՀԿ-ն, որն առաջադրել է Սերժ Սարգսյանի թեկնածությունը, ուստի ինքն էլ՝ որպես մտավորական եկել է հայտարարելու, որ ընտրելու է Սարգսյանին:

«Շատ լավ է ժողովրդավարություն ասվածը, բայց մենք երբեմն տեսնում ենք, որ ժողովրդավարությունը մեր երկրի համար դառնում է հայհոյախոսություն, որովհետև շատ բաներ դուրս են գալիս հենց մեր ազգային ավանդույթի դեմ, մեր հոգեկերտվածքի դեմ և ընդհանրապես մեր երկրի կայունության դեմ»,- ասել է Անանյանը:

Լուսանկարը՝ hayernaysor.am