2026 թ. մայիս 28, հինգշաբթի

Թաղային հեղինակությունները և նախագահի ընտրությունները

Երևանի Դավիթաշեն համայնքի թաղային հեղինակության համբավ վայելող 25-30 տարեկան երիտասարդները ուրախ են, որ 2013 թվականի նախագահական ընտրություններն անցկացվում են առանց վառ արտահայտված ընդդիմության և օլիգարխ Գագիկ Ծառուկյանի «Բարգավաճ Հայաստան» կուսակցության: Այս ընտրություններում նրանք ստիպված չեն հարաբերություններ փչացնել իշխանական այլ ուժերի կողմից վարձված ընկերների ու ծանոթների հետ:

2008 թվականին այս տղաները նախընտրական քարոզարշավի ընթացքում իշխող կուսակցությունների կողմից ներգրավվել էին ընտրական գործընթացներում որպես անձնագրային տվյալներ հավաքողներ, ընտրողներին փողի, կարտոֆիլի, ձվի, ալյուրի, շքամուտքերի վերանորոգման, վերելակների նորոգման տեսքով կաշառք բաժանողներ:

2012 թվականին կայացած Խորհրդարանական ընտրություններում օլիգարխ Գագիկ Ծառուկյանի կուսակցությունը դուրս եկավ իշխանական կոալիցիայից և ակտիվորեն ընդդիմադիր հռետորաբանություն էր օգտագործում: Այն ժամանակ Epress.am-ի թղթակցի զրուցակիցները իրենց «ավագ ընկերոջ» խնդրանքով աշխատում էին «Բարգավաճ Հայաստանի» համար: Այժմ այդ «ընկերը» խնդրել է սատարել գործող նախագահին` իշխող Հանրապետականների առաջնորդ Սերժ Սարգսյանին:

Այս երիտասարդները խոստովանում են, որ այն ժամանակ գրեթե ամեն օր ստիպված էին «ռազբոռկայի» գնալ Հանրապետական կուսակցությանը սպասարկող իրենց «գործընկերների հետ»: Այժմ նրանք ընդհանուր գործով են զբաղված, և բախումներին փոխարինելու են եկել համատեղ կերուխումները:

Տղաների համար որպես շտաբ է ծառայում ապագա խանութի կիսավերանորոգված շինությունը: Աշխատանքը համակարգում է Կարենը, ով ունի երկու դուստր, որդի,  սև «Օփել» և երկու մանրածախ առևտրի կետ շուկայում: Շտաբի աշխատակիցների միջև  պատասխանատվությունը նա բաժանել է ոչ թե փողոցների դասավորության համաձայն, այլ ըստ շենքերի և անգամ մուտքերի: «Կան տղաներ, ովքեր հարգանք են վայելում առանձին մուտքում, բայց ոչ ամբողջ շենքում: Կան նաև այնպիսինները, ովքեր լավ լեզու են գտնում թոշակառուների հետ: Ամենախորամանկները կարողանում են գործը գլուխ բերել անգամ առանց գումարի, որն այս ընտրություններում այնքան էլ շատ չէ, քանի որ մեկ է՝ ամեն ինչ պարզ է: Հիմա ընդամենը պետք է համոզել, որ մարդիկ ընտրության գնան»,- բացատրել է Կարենը:

Այսպիսով, այս ընտրություններում առավելագույնը 30 հազար դրամ մեկ ձայնի դիմաց  կաշառք գրեթե գոյություն չունի: Որոշ թաղամասերի բնակիչներ բողոքում են գումարային վարձատրության բացակայությունից և սպառնում են բոյկոտել քվեարկության գործընթացը, այլոք դժգոհ են կաշառքի չափից, որը, նրանց խոսքով, չի գերազանցում 5-10  հազար դրամը:

Շտաբը ստանում է ընտրողների աջակցությունը՝ հավաքելով անձնագրային տվյալները: Ընտրության օրը այս քաղաքացիների հետևից գծից դուրս բերված քաղաքային տրանսպորտ է գալիս:

Կարենը խոստովանել է, որ չի վախենում զրուցել լրագրողի, և առավել ևս իր հարևանի հետ: «Նախկինում խստիվ արգելվում էր խոսել լրագրողների հետ: Անհրաժեշտ էր անմիջապես զանգահարել կենտրոնական շտաբ: Թեև շատերը բողոքում են, բայց ինչ-որ բան դեպի դրականն է փոխվել: Հիմա գրի, ինչ ուզում ես: Քեզ թվում է, ես չե՞մ ուզում, որ ամեն ինչ փոխվի: Ես բոլորից շատ եմ ուզում: Ընկերներիս եմ օգնում, ոչ մեկին չեմ խաբում, հարևաններիս, ծանոթներիս, ընտանիքիս, ես բոլորի առջև մաքուր եմ: Իսկ այն, ինչի մասին գրում եք, դա 50  կամ 100 տարի հետ կլինի: Ես ու դու հաստատ չենք տեսնի»:

Կարենի խոսքով` ամենաբարդը 2008-ի ընտրություններն էին: Այն ժամանակ նա չէր շտաբի ղեկավարը, պարզապես քարոզիչ-կաշառք բաժանող էր: «Այն ժամանակ մարդիկ բաժանվել էին լևոնականների և իշխանամետների, բայց ընդդիմադիրներն ավելի չարացած էին: Անգամ որոշ ընտանիքներում էին բաժանվել կողմերի: Այն  ժամանակ գիտեինք, որ ընտանիքում են ընդդիմադիրներ ապրում, խորհուրդ չէին տալիս նրանց տուն մտնել: Նրանք տեսանկարահանում էին, ոստիկանություն դիմում, ոչնչից չէին վախենում: Հիմա իրենք էլ են հանդարտվել, չնայած կանխատեսումներին, երկիրը չփլուզվեց: Միգուցե, հիմա ավելի լավ չէ, քան այն ժամանակ էր, բայց ավելի վատ հո հաստատ չի դարձել»,- մեզ հետ զրույցում կիսվել Սերժ Սարգսյանի թաղամասային նախընտրական շտաբի ղեկավարը:

Իրենց թեկնածուի հաղթանակը տոնելու համար դավիթաշենցիներին հրավիրել են տեղի հարսանյաց հանդեսների համար նախատեսված ռեստորանային համալիրի սրահներից մեկը: Կարենը սրտանց հրավիրում էր նաև ինձ: Խոստացա ներկա գտնվել, եթե երկրորդ փուլ լինի:

Յուրի Մ.