Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամի թափուր պաշտոնի համար անցկացվող մրցույթին մասնակցելու համար փետրվարի 7-ից փետրվարի 17-ը դիմել են «Շարմ» հոլդինգի 44-ամյա ղեկավար, ՈՒՀԱ-ի (КВН) Երևանի բժշկական թիմի անդամ Ռուբեն Ջաղինյանը և 36-ամյա Աստղիկ Ավետիսյանը, ով 2008- 2011թթ. աշխատել է որպես ՀՀ նախագահի մամուլի խոսնակի օգնական, իսկ այժմ զբաղեցնում է Հանրային ռադիոյի գործադիր տնօրենի օգնականի պաշտոնը:
Այժմ հաղթողին պետք է որոշի մրցութային հանձնաժողովը: Նշենք, որ մինչ մրցույթ հայտարարելը մամուլում տեղեկություններ էին տարածվել, որ Ռուբեն Ջաղինյանը Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի ղեկավարի պաշտոնը զբաղեցնելու հիմնական հավակնորդներից է: Շրջանառվում էին նաև ՀՀ նախագահի մամուլի խոսնակ Արմեն Արզումանյանի և ՀՌԱՀ նախագահ Գրիգոր Ամալյանի անունները: Արմեն Արզումանյանն ավելի վաղ հերքել էր, թե պատրաստվում է մասնակցել մրցույթին:
Հիշեցնենք, որ այդ պաշտոնը թափուր է մնացել Ալեքսան Հարությունյանի պաշտոնավարման ժամկետի լրանալուց հետո, ով, խորհրդի անդամ լինելով, զբաղեցնում էր խորհրդի նախագահի պաշտոնը:
Լուսանկարը՝ Afisha.ru