«Սոսկալի զգուշանում եմ, որ հանկարծ Մարտի 1-ի կրկնություն չլինի». դերասան
Դերասան Երվանդ Մանարյանը ընտրություններից հետո արմատական փոփոխությունների ակնկալիք չունի, բայց «ինչ-որ մի փոփոխություն չի կարող չլինել»: Այս մասին նա ասել է «Հրապարակ» օրաթերթի հետ զրույցում:
«Կլինի այդ փոփոխությունը, բայց թե ինչպես կլինի, ինչքանով, ոմանց համար նպաստավոր կհամարվի, ոմանց համար՝ ոչ, դժվար է ասել, ամեն դեպքում, պատմական ընթացք է: Մեր ամենամեծ թերությունն այն է, որ մենք սովորաբար շատ բան ենք ակնկալում ու եթե մի քիչ պակաս ենք ստանում, արդեն շատ տխրում ենք: Հիմա Րաֆֆին գնաց, Սերժի հետ հանդիպեց, թե զրույցի արդյունքն ինչ է, դա է կարևորը, սպասենք-տեսնենք, թե ինչով է այդ զրույցը վերջանում: Ես տեսա, որ էլի մեծ բազմություն էր հավաքվել նախագահականի դիմաց, վանկարկում էին մարդիկ, ինչպես սովորաբար լինում է մեր ժողովրդի դեպքում, բայց թե արդյունքն ինչ կլինի, դեռ ոչ մեկին պարզ չի», - ասել է Երվանդ Մանարյանը:
Դերասանի խոսքով՝ իրեն առաջին հերթին հետաքրքրում են հասարակական կյանքում, մարդկային սովորական հարաբերություններում փոփոխությունները, իսկ արմատական փոփոխությունները հղի են ծանր հետևանքներով, քանի որ «ոչ ոք իր ձեռքի ունեցածը չի պատրաստվում տալ»:
«Ես սոսկալի զգուշանում եմ, որ հանկարծ Մարտի 1-ի կրկնություն չլինի մեզանում, սա ամենածանր բանն է, իսկ դա բացառել հնարավոր չէ, մեկ էլ տեսար... նայած կողմերն ինչպես են տրամադրված, համենայնդեպս, նախագահականի դիմաց միլիցիոներների մի հսկայական բանակ էր, գուցե ավելին, քան հավաքված ժողովուրդն էր: Ճիշտ կլինի համբերել և սպասել, տեսնենք Րաֆֆիի հանդիպումը Սարգսյանի հետ ինչպես կավարտվի, ինչ են տալիս, ինչ են առնում, ամեն դեպքում՝ չտրամադրվենք շատ մեծ ձեռքբերումների, որովհետև պատմության դժվար ժամանակ է», - եզրափակել է դերասանը:
Լուսանկարը՝ hayrenik.ru