2026 թ. մայիս 28, հինգշաբթի

ՎԻԴԵՈ. «Ոչ թե Րաֆֆիի կողքին, այլ Ազատության հրապարակում». Նիկոլ Փաշինյան

Խոսափողին մոտեցած ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանին Ազատության հրապարակում հավաքվածները դիմավորել են «Նիկոլ, Նիկոլ» վանկարկումներով, ինչին ի պատասխան Փաշինյանը հիշեցրել է, որ Րաֆֆի Հովհաննիսյանը խնդրել էր անուններ չհնչեցնել:

Պատգամավորը նշել է, որ վերջին օրերին Ազատության հրապարակում և դրանից դուրս Հայաստանի քաղաքացիներին հետաքրքրում է մեկ հարց՝ ի՞նչ է կատարվում այս օրերին երկրում:

Նրա խոսքով՝ փետրվարի 18-ի նախագահական ընտրություններից հետո Հայաստանում հաստատվել է քաղաքական բացարձակապես նոր իրավիճակ:  Քաղաքական որոշ ուժեր հրաժարվեցին ընտրություններին մասնակցելուց, որից հետո թվում էր, թե երկրում պետք է ստեղծվի մի իրավիճակ, երբ քաղաքական պայքարը կունենա մեկ բևեռ՝ ի դեմս Սերժ Սարգսյանի: Սակայն, Նիկոլ Փաշինյանի խոսքով, տեղի ունեցավ աննախադեպ բան. ժողովուրդն ինքնակազմակերպվեց որպես քաղաքական պայքարի բևեռ, և այժմ պայքարի կողմերը երկուսն են՝ 2008թ. մարտի 1-ին իշխանությունը բռնազավթած խումբը՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, և Հայաստանի ժողովուրդը՝ Րաֆֆի Հովհաննիսյանի գլխավորությամբ:

Փաշինյանի խոսքով՝ յուրաքանչյուր բևեռ ունի թե հաղթանակ, թե հաջողություն: Սերժ Սարգսյանի հաջողությունն այն է, որ նա շարունակում է մնալ իշխանության գլուխ, սակայն երբեք չի ստանա իր երազած լեգիտիմությունը, չի կարողանա շրջել Մարտի 1-ի էջը: Ժողովուրդը, իր հերթին, ունեցավ հաջողություն՝ կարողացավ ընտրել դե ֆակտո նախագահ՝ ի դեմս Րաֆֆի Հովհաննիսյանի, սակայն արձանագրել այդ հաղթանակը դեռ չի հաջողվել:

Պատգամավորը կարծիք է հայտնել, որ իրականում Րաֆֆի Հովհաննիսյանն է երեկ իր աշխատասենյակում ընդունել Սերժ Սարգսյանին և ոչ թե հակառակը:

Հաղթանակի գրավականներից մեկը, Նիկոլ Փաշինյանի հավաստմամբ, պետք է լինի այն, որ հարթակը, որը գլխավորում է Հովհաննիսյանը, պետք է անկեղծ ու բաց լինի ժողովրդի հետ, ինչը Փաշինյանը կասկածի տակ չի դրել, իսկ Սերժ Սարգսյանը պետք է ոչ մի հանգիստ գիշեր չանցկացնի՝ այսօրվանից սկսած:

Փաշինյանը կարևորել է այս պայքարում քաղաքական ուժերի դերակատարումը:

Երկմտանքներից խուսափելու համար՝ Փաշինյանն ասել է, որ յուրաքանչյուր քաղաքական ուժ, որը ցանկանում է արդարություն հաստատել երկրում, պետք է լինի Ազատության հրապարակում:

«Ոչ թե Րաֆֆի Հովհաննիսյանի կողքին, այլ Ազատության հրապարակում, որովհետև  նա նախագահ է ընտրվել ժողովրդի կամքով, և յուրաքանչյուր ուժ պետք է պաշտպանի ժողովրդի որոշումը», - շեշտել է Փաշինյանը:

Ելույթից հետո նա սեղմել է Հովհաննիսյանի ձեռքը և գրկախառնվել: