«Գալիս եմ մասնակցելու հանրահավաքին». Վարդան Պետրոսյանը՝ հեղափոխության հայկական տարբերակի մասին
Ֆրանսիայում բնակվող դերասան Վարդան Պետրոսյանը գալիս է Հայաստան՝ մասնակցելու Րաֆֆի Հովհաննիսյանի՝ փետրվարի 28-ին Ազատության հրապարակում հրավիրած հանրահավաքին: Այս մասին Վարդան Պետրոսյանն ասել է Lragir.am-ի հետ զրույցում:
«Արդեն սկսել էի այս տարվա նոր ներկայացման նախապատրաստական աշխատանքները. միջազգային մեծ ներկայացում էի ծրագրավորել, ֆրանսիական և հայկական ուժերով, բայց հիմա դադարեցնում եմ գործի ընթացքն ու գալիս Երևան: Այս անգամ ներկայացմամբ չեմ գալիս. գալիս եմ մասնակցելու Ազատության հրապարակում` փետրվարի 28-ի հանրահավաքին: Գալիս եմ դժվար պահին մարդկանց կողքին կանգնելու», - ասել է դերասանը:
Պետրոսյանն ասել է, որ երբեք Ազատության հրապարակում ելույթ չի ունեցել՝ ոչ հարթակից, ոչ էլ ներքևում, սակայն «չեմ թաքցնում` երբեմն ուզել եմ, երբ զգացմունքները խեղդել են, բայց ինձ զսպել եմ՝ հասկանալով գործի պատասխանատվությունը»:
«Այսօր Հայաստանում ստեղծվել է բացառիկ հնարավորություն` երկիրը վերակառուցելու: Եվ ո՛չ թե կոսմետիկ, այլ` ռադիկա՛լ, խորքայի՛ն փոփոխություններ անելու: Քաղաքական ուժերը պետք է իրենց մեջ ուժ գտնեն, հրաժարվեն ամեն տեսակի հավակնություններից ու նստեն երկխոսության: Մենք մի անգամ արդեն այդ բացառիկ հնարավորությունը կորցրինք, այս անգամ սխալվել չի կարելի: Սա՛ է պահի հրամայականը: Ինչո՞ւ է մեր քաղաքական միտքն աշխատում ըստ մինչ այժմ գործող ստանդարտների: Այդ ստանդարտները տանելու են դեպի փակուղի: Ինչու՞ մենք ռիսկ չենք անում մտածել, որ կարելի է գտնել միանգամայն նոր, բացառիկ ճկուն, մինչ այժմ պատմությանն անհայտ և հայ ժողովրդի ու հայ պետականության շահերից բխող լուծումներ... Կրկնում եմ, այսօր մեզ մոտ ստեղծվել է բացառիկ հնարավորություն` աշխարհը ցնցելու հեղափոխության հայկական տարբերակով...», - ասել է Վարդան Պետրոսյանը:
Դերասանը խոստովանել է, որ ժողովրդական նման ալիքի բարձրացման չէր սպասում:
«Ես էլ արդեն շատ շատերի նման կարծում էի, որ ընտրությունները կանցնեն պասիվ, անտարբերության մթնոլորտում, ընտրությունների ելքն արդեն որոշված էր, և մխիթարում էի ինձ նրանով, որ գոնե «հայկական ձմեռը» նախընտրելի է «արաբական գարունից»: Բայց կատարվեց անսպասելին: Եվ դա արեց ժողովուրդը: Հույսը կտրած, վտանգի ու սպառնալիքների տակ, ինչ-որ ներքին բնազդով, զգալով պահի օրհասականությունը, նա գնաց ու իր խղճի ձայնը տվեց: Նա իրեն չդավաճանեց, իսկ մենք՝ այդպես մտածողներս, դավաճանեցինք և պետք է մեր սխալն ուղղենք... երբ տեսա առաջին հանրահավաքի կադրերը` տարեց մարդիկ, մեր հայրերն ու մայրերը, որոնց մեծ մասի զավակներն այժմ աշխատում են օտար երկրներում, լուռ, համեստ, մի քիչ էլ հուսահատ, մի քիչ էլ անպաշտպան, բայց արժանապատիվ, եկել, կանգնել են իրենց իրավունքները պաշտպանելու, ես ամաչեցի, այո՛, ուզեցի ամոթից գետինը մտնել: Բայց հետո` խոնարհվել նրանց առաջ: Այո՛, ժողովուրդը մեծ հաղթանակ է տարել: Եվ պատահական չի` արցախյան շարժման 25-րդ տարեդարձն է: Ինչպես այն օրերին, այնպես էլ հիմա, ամեն մարդ հաղթահարեց ինքն իր մեջ վախն ու անտարբերությունը ու գնաց վճռական քայլի: Ինչպես և արցախյան շարժումը, անպես էլ այս լուսավոր «Բարևը» հեղախոխություն չի, այլ ինքնամաքրման ճանապարհ: Եվ իսկական հոբելյանը նշում են ոչ թե շամպայնով ու մեդալների բաժանմամբ, այլ հենց այսպես` ինքնամաքրմամբ ու լուսավոր գործերով: Հայ ժողովուրդն այսօր նորից ոտք դրեց լույսի ճանապարհին», - ասել է դերասանը: