2026 թ. մայիս 28, հինգշաբթի

«Մարտի 1-ը կուլ տալու բան է՞ր». Հախվերդյանը հանդիպեց լրագրողներին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Սերժ Սարգսյանը Բորիս Կևորկովի աջ ձեռքն է եղել` մի մարդու, ում օրոք հայաթափվել է Ղարաբաղը: Րաֆֆի Հովհաննիսյանի հանրահավաքին իր հայտնի ելույթը մեկնաբանելով՝ այսօր այս մասին ասել է երաժիշտ Ռուբեն Հախվերդյանը:

Լրագրողներից մեկը հարցրել է՝ արդյոք Հախվերդյանը չի կարծում, որ նման հայտարարություն անելը տեղին չէ, քանի որ Սերժ Սարգսյանն իր ներդրումն է ունեցել Արցախի ազատագրման գործում:

«Այո, ունեցել է, կոռուպցիայի մեջ էլ ունի իր ներդրումը: Ղարաբաղի պատերազմում բոլորս էլ ունեցել ենք ներդրում, ես էլ եմ ունեցել, բայց չեմ հայտարարել երբեք, որովհետև դա չխոսելու թեմա է»,- պատասխանել է Ռուբեն Հախվերդյանը:

Նրա խոսքով՝ Սերժ Սարգսյանը գավառամիտ մարդ է, ոչ լայնախոհ, ում օրոք քաղաքային մշակույթը գորշացավ, կոչումներ բախշվեցին մարդկանց, ովքեր այդ կոչումների հետ կապ չունեին, նշանակեվեցին ռեկտորներ, ովքեր կապ չունեն կրթության հետ, նրա օրոք նշանակվեցին նաև գործող մշակույթի ու կրթության նախարարները:

«Արմեն Մազմանյանը 2.5 միլիոնով վաճառեց «Ադրի» շենքը: Եթե ես էլ այդքան փող աշխատեի Սերժ Սարգսյանի թույլտվությամբ, գուցե, ես էլ կգովայի նրան: Կամ Շուշան Պետրոյանը շատ փող է ստանում Պաշտպանության նախարարությունից, չի կարող չգովալ: Նա իրավունք չունի տալու Վարդան Պետրոսյանի անունը»,- ասել է Հախվերդյանը:

Անդրադառնալով ընտրություններից հետո կազմակերպվող ակցիաներին, Հախվերդյանը նկատել է, որ դա վկայում է այն մասին, որ, թեև հայ ժողովուրդը շատ բաների դիմացել է, այժմ չի դիմանում համատարած քծնանքին, գորշահոտությանը, ժողովրդի առջև մամուլի փակ լինելուն, համատարած «ձեռքեր և այլ տեղեր համբուրելուց»:

«Ուղղակի բաներ կան, որ կուլ տալ չի լինի: Մարտի 1-ը կուլ տալու բան է՞ր»,- ասել է Հախվերդյանը:

Լրագրողներից մեկը հարցրել է, թե արդյոք երաժիշտը բարոյական է համարում իշխանություններից փող վերցնելը և հետո քննադատելը: Հախվերդյանը պատասխանել է, որ բազմիցս շնորհակալություն հայտնել է Սարգսյանին երեխաների երգերի սկավառակի համար 30.000 դոլար տրամադրելու համար, սակայն դա չի նշանակում, որ իր քաղաքացիական դիրքորոշումը չի կարող հայտնել: