Մտավորականները գերադասում են «մեղք» երևալ. Երվանդ Մանարյանը նրանցից չէ
Կան համարձակ ու պակաս համարձակ մտավորականներ, դա անձնական բնավորության խնդիր է: Այս մասին Galatv.am-ի հետ զրույցում ասել է դերասան Երվանդ Մանարյանը:
«Չմեղադրենք մեր որոշ մտավորականների, նրանք մեղք են, ես էդ տեսակից չեմ, թող ինձ ասեն՝ վատն ես, քննադատեն, մեղադրեն, բայց չասեն մեղք, մեղք լինելն ինձ համար ամենավատ բանն է, բայց դե մարդիկ էլ այլ կերպ են մտածում, ցավոք սրտի, մենք այս վիճակում ենք, մարդիկ ավելի ուզում են մեղք երևալ, քան «հակա» երևալ»,- մեկնաբանելով մտավորականներից շատերի պասիվությունը՝ ասել է Մանարյանը:
Նրա խոսքով՝ քաղաքական պասիվության արմատները պետք է փնտրել նախորդ համակարգի մեջ. «Սերունդը այդպես դաստիարակվեց, որ դուք ձեր գործին կացեք, ձեր մասնագիտական գործով զբաղվեք, բոլոր մյուս հարցերի համար պատասխան է տալիս իշխանությունը և կուսակցությունը: Հենց այսպիսի մթնոլորտում ապրեց մեր մտավորականների ավագ սերունդը, և դա տարածեց նաև եկող սերնդի վրա: Պետք չէ մեղքը փնտրել մեր մտավորականների անձնավորության, նրանց բնույթի մեջ, դա շատ դժվար բան է, որը պետք է հաղթահարվի: Խորհրդային շրջանը 5-10 տարի չի եղել, 70 տարի է եղել: Մարդիկ աչք են բացել ուրիշ բան չեն տեսել, ավելի մարդկային կեցվածքը, համարձակ կեցվածքը նրանք վեպերից գիտեն, պատմվածքներից գիտեն, իրենց հարևանության մեջ նման բան չեն տեսել, էլ չեմ ասում՝ ընտանիքներում: Սա շատ ծանր երևույթ էր, որ պատմությունը բերեց և մեր վրայով անցկացրեց: Հիմա հազիվ մենք ուզում ենք մեր մեջքը ուղղել, մեկը համարձակ է՝ մեջքը շուտ է ուղղում, մյուսը վախկոտ է լինում, իր երեխաների, ընտանիքի մասին է մտածում՝ կարծելով դա ավելի լավ ճանապարհ է ընտանիքի համար: Ճիշտ հակառակն է դուրս գալիս, մեկն էլ իր ընտանիքով ճեղքում է դուրս գալիս, մյուսներին թողելով խեղճուկրակ, ողորմելի վիճակում, չգիտես ինչ բնորոշում տաս դրան»:
Դերսանը կարծում է, որ հասարակությունը պարտավոր է պահանջել, որ «դուք՝ մեծերդ, ինչո՞վ եք զբաղված, ինչու՞ է ժողովուրդը էս վիճակում»:
««Ես նկարիչ եմ»,- նկարիչ եղիր, բայց նկարիչը նաև ժողովրդի համար պատասխանատու է. «Ես դերասան եմ, ես երգիչ եմ, իմ գործը երգելն է»,- ո՛չ, էդպես չպե՛տք է լինի, դուք այս ազգի անհատներն եք, այս ազգի համար դուք պատասխան եք տալիս, պատմությունը ձեզ բերել, կանգնեցրել է էս նշագծի դիմաց: Այնպես չէ, որ ամեն մեկն իր մասնագիտական գործը բարձր մակարդակով կատարում է և վերջ, ո՛չ», - ասել է Երվանդ Մանարյանը: