2026 թ. մայիս 28, հինգշաբթի

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Սերգեյ Դանիելյանը ուսանողներին խորհուրդ է տվել մեծերին քիչ լսել

Դերասան Սերգեյ Դանիելյանը ողջունում է  իրենց իրավունքների համար պայքարող ուսանողներին, որոնք վերջին շաբաթների ընթացքում դասադուլ-ակցիաներ են իրականացնում: Այս մասին դերասանն ասել է այսօր ուսանողների հետ կայացած հանդիպմանը: Դանիելյանը ուսանողներին խորհուրդ է տվել հնարավորինս քիչ լսել մեծերին:

Ուսանողներից մեկը դժգոհել է, թե ծնողները հաճախ ասում են, որ «իրենց ժամանակ» ամեն ինչ ավելի լավ էր, մարդիկ շատ էին կարդում և որ այսօրվա սերունդը փչանում է, ինչին Սերգեյ Դանիելյանը պատասխանել է. «Ալլա Պուգաչովա և ադրբեջանական ռադիո չէ՞ր իրենց լսածը: Ասեք՝ որ ձեր ժամանակ լավ լիներ, հիմա պետությունը պետություն կլիներ»: Դերասանը հիշեցրել է, որ հայերն ապրել են ԽՍՀՄ-ում, իսկ Հայաստանում որևէ այլախոհ գրող չի եղել, ինչպիսին Սոլժենիցինն ու Նաբոկովն էին:

Ուսանողները Դանիելյանից հետաքրքրվել են՝ ինչ լուծում է տեսնում ստեղծված քաղաքական իրավիճակում: Դերասանը պատասխանել է, որ պետք է ոչ թե իշխանափոխություն, այլ այնպիսի համակարգի ստեղծում, որտեղ հնարավոր է, օրինակ, նոր իշխանությանն էլ ցանկության դեպքում «ռադ անել»: Դանիելյանի խոսքով՝  դրա համար պետք է ստեղծվեն արհիմություններ, որոնք կընտրեն և պատասխանատվության կկանչեն  ընտրված իշխանավորներին, եթե դրանք պաշտոնը չարաշահեն: Առանց դրանց, ըստ Դանիելյանի, «մենք դեռ ջունգլիներում ենք»՝ հուզական վիճակում, որտեղ պայքարի վերջը ֆիզիկական բախումն է իշխանությունների հետ:

«Օրինակ, դուք պետք է ընտրեիք ձեր ուսխորհուրդները, ու նրանք պետք է կազմակերպեին ձեր դասադուլը, և այդ դեպքում այն ավելի արդյունավետ կլիներ: Իսկ հիմա ՈՒԽ ղեկավարները չեն տարբերվում մեր ժամանակվա կոմսոմոլներից: Նույն տերմինաբանությունն են օգտագործում, ինչ որ իմ ժամանակ ա եղել՝ արտաքին թշնամի ունենք, ներքին թշնամի ունենք, պետք է կայուն լինենք... Մեր կոմսոմոլի քարտուղարները նույնն էին, նույն բառապաշարն էր: Հիմա դրանց պետք ա  փոխել, չէ՞: Դրանք չպիտի լինեն, պիտի լինեն միս ու արյուն ունեցող մարդիկ: Ընտրեք, գնացեք, ներկայացրեք, ասեք՝ սենց պիտի լինի: Այդտեղից ա սկսվում: Թե չէ, որ ասեք՝ չի ստացվում, չի էլ ստացվի: Ուրեմն չի հասունացել, որ չի ստացվում: Ինչի՞ ենք զոռում: Ինչի՞ եք ուզում զոռով ծննդաբերել ազատություն: Պիտի հասունանա, չէ՞, էդ անտերը», - ասել է դերասանը:

Դանիելյանը հիշեցրել է ֆրանսիական հեղափոխությունը, որտեղ բախումից հետո սկսվել է արհիմությունների ստեղծումը, և այժմ Ֆրանսիան դարձել է սոցիալիստական երկիր: «Բախում մեզ մոտ էլ է եղել: Մեր պես փոքր քաղաքի համար 8 մարդու մահն էլ  է մեծ բան»,- ասել է Դանիելյանը: