Քաղաքականությունը բաժանեց հայաստանցի արվեստագետներին
«Հակահարված» արտ-խումբը ժամանակավորապես դադարեցրել է իր ստեղծագործական գործունեությունը: Այս մասին Epress.am-ի հետ զրույցում ասել է խմբի անդամ Հերբերտ Գևորգյանը (լուսանկարում՝ ձախից): Ըստ մեր զրուցակցի՝ պատճառն այն է, որ խմբի երկու անդամները՝ Թաթուլ Սարոյանը և Դավիթ Վարդանյանը, որոշել են դառնալ ՀԱԿ կուսակցության անդամ, իսկ խմբի մյուս երեք անդամները՝ Հերբերտ Գևորգյանը, Արտակ Գևորգյանը և Լուսինե Հայրապետյանը, դեմ են եղել, որ արտ-խունբը կուսակցականացվի: Գևորգյանն ասել է, որ խնդիրը ՀԱԿ-ը չէ, այլ այն, որ իրենք կցանկանային անկախ լինել որևէ կուսակցական հետաքրքրություններից:
Նա վստահեցրել է, որ ներկա տարաձայնությունները չեն նշանակում, որ արտ-խումբն այլև չի գործելու: Նա ասել է, որ խնդիրները լուծելուց հետո խումբը կվերսկսի աշխատանքը:
Դավիթ Վարդանյանը, իր հերթին, մեզ հետ զրուցում ասել է, որ ինքը խմբից դուրս էր եկել վաղուց և իր հեռանալուց հետո «Հակահարվածը» մի քանի ակցիա է արել: Անդրադառնալով մյուս խմբակիցների հետ հարաբերություններին՝ Վարդանյանն ասել է, որ իրենք շարունակում են ընկերներ մնալ, ուղղակի անհամաձայնություններ ունեն:
«Անհամաձայնությունները հիմնված են արվեստի, քաղաքական պրոցեսների մասին մեզնից յուրաքանչյուրի ունեցած պատկերացումների վրա»,- ասել է Դավիթ Վարդանյանը:
Նրա խոսքով՝ իր կամ որևէ մեկի կուսակցություն մտնելը չէր կարող որևէ կերպ նշանակել, որ արտ-խումբը կուսակցականացվում է:
«Ուղղակի նոր իրավիճակում տարբեր մարդիկ տարբեր ձև կողմնորոշվեցին, ինչը հանգեցրեց ներդաշնակության կորստի խմբի ներսում»,- ասել է Դավիթ Վարդանյանը:
Թաթուլ Սարոյանը (լուսանկարում՝ երկրորդը՝ աջից), թեմային անդրադառնալով, նշել է, որ խմբի ներսում որևէ խնդիր չկա և որ աշխատանքները շարունակում են:
Հիշեցնենք, որ ընդդիմադիր նախաձեռնությունը բազմիցս բողոքի ակցիաներ է իրականացրել. նրանք ՀԱԿ ակտիվիտների դեմ ընդունված վճռի վերաքննիչ քննության մեկնարկից հետո Հյուսիսային պողոտայում տղաների նկարներն են փակցրել՝ «Հակահարված ռեժիմին» գրառումով:
Նախաձեռնության անդամները նաև ԱԺ դարպասներին են փակցրել Սերժ Սարգսյանի լուսանկարով և «Ճանաչիր թշնամուդ» գրությամբ պաստառը, որը, սակայն, հեռացվել է րոպեներ անց:
Նրանք նաև մի քանի անգամ մտել են համալսարաններ և բարձրախոսով կոչ են արել ուսանողներին ճանաչել և կարողանալ պաշտպանել իրենց իրավունքները, որից հետո բերման էին ենթարկվել ոստիկանություն: