2026 թ. մայիս 21, հինգշաբթի
Epress

Ավիացիա և աշխատավարձեր. «Արմավիայի» անձնակազմը նամակ է հանձնել նախագահի նստավայր (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

«Արմավիա» ավիաընկերության աշխատակիցներն այսօր դիմում-նամակ են հանձնել ՀՀ նախագահի նստավայր, որում մտահոգություն են հայտնում հայկական ավիացիայի ապագայի հետ կապված՝ «Արմավիայի» սնանկացումից հետո:

Ավիաընկերության անձնակազմին մտահոգող երկրորդ հարցն իրենց աշխատավարձներն են: Ավիաընկերության բորտ-ուղեկցորդուհիները աշխատավարձ չեն ստացել հոկտեմբերից ի վեր, իսկ օդաչուները՝ նոյեմբերից:

Նամակը հանձնելուց հետո լրագրողների հետ խոսել է օդաչու Վարդան Սարգսյանը: Նրա խոսքով՝ իրենք հույս ունեն, որ նախագահը կհասկանա ավիացիա ունենալու կարևորությունը, և նրանք այլևս ստիպված չեն լինի գալ նախագահի նստավայր:

«Խնդիրները նոր չեն առաջացել, սակայն մենք ընբռնումով ենք մոտեցել «Արմավիայի» ղեկավարության տնտեսական խնդիրներին: Սակայն հիմա, երբ պաշտոնապես հայտարարվեց սնանկացման մասին, մենք չգիտենք՝ կստանանք մեր գումարը, թե՝ ոչ, և, ինչն ավելի կարևոր է, կունենանք ապագա Հայաստանում, թե ոչ», - ասել է Սարգսյանը:

Ըստ նրա՝ ընկերությունում աշխատում է 400 մարդ, որից 200 օդանավի հետ կապված աշխատանք են կատարել՝ 40 օդաչու, 80 բորտ-ուղեկցորդուհիներ, ինչպես նաև օդային ինժեներներ: Վարդան Սարգսյանի խոսքով՝ վերջին 10 տարիների ընթացքում 40 օդաչու է արտագաղթել ցածր աշխատավարձի պատճառով: