Արվեստի այլընտրանքային ամենամյա փառատոնի բացումը երեկ տեղի է ունեցել ՆՓԱԿ-ում:
Ցուցադրությունն անցնում է «Ազատագրի ժամանակը» խորագրի ներքո: Ցուցահանդեսի համադրող Սոնա Աբգարյանը Epress.am-ի հետ զրույցում ասել է, որ փառատոնը չունի թեմատիկ սահմանափակումներ, այլ շեշտը դնում է ստեղծագործական մոտեցման վրա, և հետևաբար ընտրվել են գործեր, որոնք ստեղծագործական մոտեցմամբ են մեկնաբանում հայտնի և նոր իրողությունները:
«Արվեստը դուրս է շահագործումից, մրցակցությունից, հավերժ մնալու ձգտումից: Այն ուսումնասիրությունների և անկաշկանդ արտահայտվելու տարածք է, որը շարունակում է մնալ դինամիկ և անկանխատեսելի: Ստեղծագործողը նման է հրաշագործի, ով հազարամյակներ շարունակ պայքար է մղում զավթված ժամանակն ազատագրելու համար»,- ասված է ցուցահանդեսի բնութագրի մեջ:
Ցուցահանդեսին ներկայացված են մոտ 40 գործեր, այդ թվում՝ լուսանկրաներ, ֆիլմեր: Ցուցահանդեսը բաց է լինելու մինչև մայիսի 25-ը: