Աղջիկներին փրկելու համար Ադրբեջանում բժիշկներին կարգելեն հայտնել երեխայի սեռը
Ադրբեջանցի պատգամավորները՝ հանրային քաղաքականության կոմիտեի անդամները, աշխատում են «Վերարտադրողական առողջության» մասին օրենքում փոփոխությունների վրա, որը բժիշկներին կարգելի մայրերին հայտնել ապագա երեխայի սեռը: Օրինագիծը նախատեսվում է ընդունվել Միլի Մեջլիսի աշնանային նստաշրջանում:
Փոփոխությունների մշակումը բացատրվում է ադրբեջանական ընտանիքներում տղաներին նախընտրելու ավանդույթով: Վիճակագրության համաձայն՝ Ադրբեջանում արական սեռի նորածինների թիվը զգալի գերազանցում է իգական սեռի երեխաների թվին:
Խորհրդարանական հանձնաժողովի փոխնախագահ Մուսա Գուլիևը փոփոխությունների էությունը բացատրելիս ասել է, որ ոչ ոք չի պատրաստվում ամբողջովին արգելեն հղիության արհեստական ընդհատումը, քանի որ երբեմն կանայք համաձայնում են ապագա երեխայից հրաժարվել պտղի մոտ բժիշկների կողմից կանխատեսված անբուժելի հիվանդության պատճառով: Հղիության ընդհատման լուրջ պատճառ կարող է հանդիսանալ սեռական բռության հետևանքով անցանկալի հղիությունը:
Ադրբեջանի Առողջապահության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Լեյլա Ռզակուլիևան դրական է գնահատում այս փոփոխությունը: Նա ասել է, որ Ադրբեջանում հղիության ամբողջական ընդհատման արգելքի մասին անգամ խոսք գնալ չի կարող: Միևնույն ժամանակ, ՈՒՁՀ կատարող բժիշկներին կարգելվի ծնողներին հայտնել ապագա երեխայի սեռը՝ ծնողներին հղիության արհեստական ընդհանտման դրդելուց խուսափելու նպատակով, հաղորդում է «Կավկազսկի ուզել»-ը:
Նշենք, որ Հարավային Կովկասի երկրները սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատման թվով աշխարհում առաջատար դիրքեր են զբաղեցնում: Ուսումնասիրությունը իրականացրել է Փարիզի Բնակչության և զարգացման կենտրոնի Զարգացման հետազոտական ինստիտուտի նախագահ դոկտոր Քրիստոֆ Գիլմոտոյը, ով հղիության սեռով պայմանավորված արհեստական ընդհատումների հիմնախնդրով զբաղվող խոշորագույն գիտնականներից մեկն է աշխարհում:
Ըստ նրա ուսումնասիրությունների՝ եթե շարունակվի աղջիկների ծնունդը խափանելու գնով տղաներ ունենալու արատավոր երևույթը, ապա Հայաստանը մինչև 2060 թ. կկորցնի գրեթե 93.000 պոտենցիալ ապագա մայր, իսկ երկրի բնակչությունը կնվազի հավելյալ 80.000 մարդով (սա ներկայում Հայաստանի 2 տարվա ծնունդների թիվն է) և, այլ հավասար պայմաններում, կկազմի մոտավորապես 2.6 միլիոն: