2026 թ. մայիս 28, հինգշաբթի

ՀՀ ՊՆ լրատվության և քարոզչության վարչության նախկին պետն ինքնասպան է եղել

Հայ արձակագիր, դրամատուրգ Վրեժ Իսրայելյանն ինքնասպանություն է գործել: ՀՀ ոստիկանությունը հաստատել է, որ Երևանի Վաղարշյան փողոցի իր բնակարանում հայտնաբերվել է Վրեժ Իսրայելյանի դիակը:

NEWS.am-ի տեղեկություններով՝ նրա մոտ վերջերս հայտնաբերվել է թոքերի քաղցկեղ` խորացված վիճակում: Իսրայելյանն ինքնասպանությունը գործել է հրազենի կիրառմամբ:

Վրեժ Իսրայելյանը ծնվել էր 1949թ. ապրիլի 2-ին Երևանում: «Տոնապետ» գրքի համար նա ՀԳՄ Դերենիկ Դեմիրճյանի անվան մրցանակի դափնեկիր 1971-ին ավարտել է ԵՊՀ բանասիրական ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժինը: 1971-78-ին աշխատել է ՀԽՍՀ Նախարարների խորհրդի հեռուստատեսության և ռադիոհաղորդումների պետական կոմիտեի երիտասարդական հաղորդումների խմբագրությունում որպես խմբագիր և ավագ խմբագիր:

1979-81թթ գրական աշխատում էր «Հայրենիքի ձայն» շաբաթաթերթում: 1982թ «Սովետական Հայաստան» ամսագրի սփյուռքի բաժնի վարիչն էր: 1993-99-ին` ՀՀ ՊՆ «Հայ զինվոր» պաշտոնաթերթի խմբագիր, 1999-ից մինչև 2008 թվականը եղել է ՊՆ լրատվության և քարոզչության վարչության պետ: Վրեժ Իսրայելյանի առաջին պատմվածքները տպագրվել են «Գարուն» ամսագրում: 1978-ին արժանացել է ՀԼԿԵՄ Կենտկոմի «Տարվա լավագույն ստեղծագործության համար» մրցանակին:

Նրա «Միայն մի անգամ» պատմվածքը տպագրվել է «Դրուժբա նարոդով» ամսագրի 1982-ի հոկտեմբերի համարում: 1986-ի փետրվարին Երևանի հեռուստատեսությամբ ներկայացվել է նրա «Չնվաճված աշխարհամաս» պիեսը: Հեղինակել է Արցախյան պատերազմին նվիրված վավերագրական կինոսցենարներ («Մահից առաջ և հետո», «Երկրապահը և քաղաքականությունը», «Այսպես դարձանք երկրապահ», «Մահապարտներ», «Քայլ», «Առաջին գիծ», «Անդրանիկ» և այլն):