Ադրբեջանի իշխանությունները փնտրում են դիմադրության կոչ արած երգահանին
Ադրբեջանի Միլի Մեջլիսի նախկին պատգամավոր, երգահան Հուսեյն Աբդուլաևի նկատմամբ միջազգային հետապնդում է հայտարարվել: Համապատասխան տեղեկություն է հայտնվել Ինտերպոլի կայքում: Ըստ ադրբեջանական մամուլի՝ Աբդուլաևը իշխանությունների անհավանությանն է արժանացել «Սուսմա» («Մի լռիր») երգի տեսահոլովակի տարածումից հետո, որում իշխանություններին դիմադրությունը ցույց տալու մասին կոչեր են հնչում և որի հեղինակը հենց նախկին պատգամավորն է: Ավելի վաղ Աբդուլաևի նկատմամբ որոնում էին հայտարարել Ադրբեջանում, ուր նրան, տեսահոլովակի դուրս գալուց հետո, մեղադրում են հարկերը վճարել խուսափելու մեջ:
Haqqin.az կայքի տեղեկությունների համաձայն՝ Աբդուլաևը հարազատների միջոցով դիմել է ադրբեջանցի փաստաբան Քամանդարա Նասիբովի ծառայություններին, ով ավելի հայտնի է որպես օրենքով գող Գուլիի (Նադիր Սելիֆով) փաստաբան:
Սկանդալային երգը կատարել են «Շերոն» խմբի անդամները, որոնց, ըստ moderator.az-ի տվյալների, դրա համար ՆԳՆ կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչությունում ծեծի են ենթարկել և պահանջել հեռու մնալ երգի հեղինակից:
Բաքվեցի լրագրողները մատնանշում են այն փաստը, որ ինքը՝ Աբդուլաևը (ով հայտնի է Գուսկա մականունով), նախկինում եղել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի թիմում, իսկ այժմ իր հեղինակած երգի տեսահոլովակում ամեն ինչից զատ տեղ են գտել նաև 2003 թվականի ցույցերից կադրեր: Ուշագրավ է, որ այդ տարի Աբդուլաևի մարդիկ՝ հենց իր գլխավորությամբ, ծեծել և ցրել են նախագահական ընտրությունները կեղծելու դեմ պայքարողներին: Ավելի ուշ պատգամավոր-երաժիշտը Միլի մեջլիսում ծեծկռտուքի մասնակցելու համար զրկվել էր մանդատից և հեռացվել երկրի ղեկավարի մտերիմների շարքից:
Պայքարի կոչ անող «Շերոն» խմբի ղեկավարը լրագրողներին ասել էր. «Մենք երգիչներ ենք. մեզ հրավիրել են՝ մենք երգել ենք: Երգը լավն է, թե ինչ տեսահոլովակ են նկարահանել երգի հիման վրա, մեզ չի վերաբերում»:
Շատ անվանի կատարողներ, ովքեր համագործակցում են քաղաքականությունը լքած երգահանի հետ, զերծ են մնացել այս հարցի շուրջ մեկնաբանություններից:
Ադրբեջանցի լրագրողները նշում են, որ հոկտեմբերին կայանալիք նախագահական ընտրություններին ընդառաջ երկրում նման հետապնդումների թիվը կմեծանա: Նշենք, որ ընտրություններին երրորդ անգամ առաջադրվելու է գործող նախագահ Իլհամ Ալիևը: