Դիարբեքիրի եկեղեցում հայկական թանգարան կբացվի
Թուրքիայի Դիարբեքիր քաղաքի հայկական եկեղեցական համալիրի մի հատվածում թանգարան կգործի, որտեղ ներկայացված կլինի այդ տարածաշրջանի հայերի պատմությունը:
Դիարբեքիրի քաղաքային թանգարանի՝ հայկական մշակույթի և արվեստի բաժինը կգործի հայկական Սուրբ Կիրակոս եկեղեցու մի հատվածում: Այս մասին Hürriyet Daily News-ի հետ զրույցում ասել է Սուրբ Կիրակոս եկեղեցու հիմնադրամի ղեկավար Էրգյուն Այիքը՝ նշելով, որ նման որոշում է կայացվել Դիարբեքիրի քաղաքապետ Օսման Բայդեմիրի և Դիարբեքիրի արվեստի և տուրիզմի վարչության ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ:
Եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել էր երկու տարի առաջ՝ հայկական համայնքի և Դիարբեքիրի քաղաքապետարանի նվիրատվությունների շնորհիվ: Այիքը նշել է, որ հայկական թանգարանի դիզայնի և անվտանգության հարցերով կզբաղվի քաղաքապետարանը:
«Մաքրության, էլեկտրաէներգիայի և ջրի ծախսերը կհոգա քաղաքապետարանը, ինչպես նաև՝ եկեղեցու համալիրի 24-ժամյա հսկողությունը,- ասել է եկեղեցու հիմնադրամի ղեկավարը: - Այսպիսով, մեր հիմնադրամը կազատվի զգալի ծախսերից»:
Այիքը նաև նշել է, որ թանգարանի ցուցանմուշները կլինեն մարդկանց անձնական իրերը: Նա հայերին կոչ է արել իրենց նախնիներից մնացած իրերն ուղարկել Սուրբ Կիրակոս եկեղեցու հիմնադրամ: Թանգարանում նախատեսված է ցուցադրել հայկական արվեստին, մշակութային և տնտեսական կյանքին վերաբերող իրեր, այդ թվում՝ նամակներ, առևտրային փաստաթղթեր, երաժշտական կատարումներ, կենցաղային իրեր, հագուստ, նկարներ, գորգեր և արհեստավորների գործիքներ:
Այիքի խոսքով՝ դեռևս չորս տարի առաջ Դիարբեքիրում հայկական միակ հետքը երկու ավիրված եկեղեցիներն էին: Այժմ փոփոխություններ են նկատվում մի վայրում, որտեղ, հիմնադրամի ղեկավարի խոսքով, հայերը ապրել են հազարավոր տարիներ և կառուցել հսկայական թագավորություն: