Ճանապարհային ոստիկան, 24-ամյա Վահագն Համբարձումյանին և նրա ընկեր Սասուն Աբրահամյանին ՀՀ հատուկ քննչական ծառայությունը մեղադրանք է առաջադրել ՀՀ քրեական օրենսգրքի 141-րդ հոդվածի հատկանիշներով (ակնհայտ տասնվեց տարին չլրացած անձի հետ սեռական հարաբերությունը կամ սեքսուալ բնույթի այլ գործողություններ կատարելը): Այս մասին «Փաստինֆո»-ին տեղեկացրել է ՀՔԾ մամուլի քարտուղար Միքայել Ահարոնյանը:
Ավելի վաղ քրեական գործը հարուցվել էր բռնաբարության հոդվածով (138), սակայն մեղադրանք առաջադրելիս հատուկ քննչական ծառայությունը մեղմել է դիրքորոշումը, և բռնաբարության փոխարեն մեղադրանք առաջադրել սեռական հարաբերություն ունենալու համար: 138 հոդվածով նախատեսվում է մինչև 10 տարվա ազատարզկում, մինչդեռ 141-րդ հոդվածը նախատեսում է տուգանք կամ առավելագույնը ազատազրկում 2 տարի ժամանակով:
Նշենք, որ համաձայն ՀՔԾ-ի՝ օգոստոսի 8-ին տարածած հաղորդագրության, նախաքննության ընթացքում պարզվել է, որ Վահագն Համբարձումյանը և Սասուն Աբրահամյանը օգոստոսի 4-ին Կոտայքի մարզի Հանքավան գյուղում տեղակայված «Տաք ջուր» հանգստյան գոտում սեռական հարաբերություն են ունեցել 13-ամյա Հ.Ղ.-ի հետ: