Հայերին հատուկ է այլ մշակույթներն ու կրոնները հարգելը. Նալբանդյան
Երկխոսության մշակույթը և այլ մշակույթները, կրոններն ու ավանդույթները հարգելը միշտ հատուկ է եղել հայ ժողովրդին: Այս մասին այսօր Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի շրջանակներում Երևանում անցկացված ԵԽ Միջմշակութային երկխոսության կրոնական հարթության 2013 թվականի հանդիպմանը հայտարարել է ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը:
Նա նշել է, որ Հայաստանը մշտապես մեծ կարևորություն է տվել միջմշակութային երկխոսության կրոնական հարթությանը և պատահական չէ, որ Եվրոպայի խորհրդում Հայաստանի մշտական ներկայացուցիչը 2006/2007թթ հանդիսացել է այս թեմայով Նախարարների կոմիտեի առաջին «խորհրդակցական խմբի» նախագահը:
«Գտնվելով մշակույթների և կրոնների խաչմերուկում՝ Հայաստանը դարեր շարունակ բազմաբնույթ հարաբերություններ է զարգացրել տարբեր քաղաքակրթությունների հետ: Մեր մշակույթը հարստացել է այդ շփումներից և փոխադարձաբար այն նպաստել է այլ մշակույթների հարստացմանը:
Այսօր, հայ ժողովրդի երկու երրորդն ապրում է Հայաստանից դուրս: Լինի դա Ֆրանսիայում թե Բրազիլիայում, Ռուսաստանում թե Սինգապուրում, Ամերիկայի Միացյալ Նահանգներում թե Եգիպտոսում, Լիբանանում թե Հնդկաստանում, Իրանում թե Ավստրալիայում, հայերն իրենց մեջ կրում են երկակի ինքնություն, նրանք լիովին ինտեգրված են իրենց հյուրընկալած երկրների հասարակությունում և միաժամանակ խորապես կապված են մնում իրենց ազգային ինքնությանը: Այս առումով, նրանք բացառիկ կամուրջ են Հայաստանի և մնացյալ աշխարհի միջև»,- հայտարարել է Նալբանդյանը: