Թուրք գրողը հայերից մեդալ է ստացել ու խոսել «կեղտից մաքրվելու» մասին
Թուրք գրող Յաշար Քեմալն արժանացել է «Գրիգոր Նարեկացի» հուշամեդալին: Ինչպես հայտնում են թուրքական ԶԼՄ-ները, Յաշար Քեմալին հուշամեդալը հանձնելու նպատակով Ստամբուլ են ժամանել ՀՀ մշակույթի նախարարության ներկայացուցիչ Սեյրանուհի Գեղամյանը, ՀՀ խորհրդարանի պատգամավոր Արագած Աղոյանն ու Արևմտահայերի Ազգային համագումարի ներկայացուցիչներ Վահան Մելիքյանն ու Սևակ Արծրունին:
Թուրք գրողը հուշամեդալի է արժանացել հայ ժողովրդի մշակութային ժառանգության նկատմամբ ունեցած խորը հարգանքի, քաղաքացիական խիզախումի, արդարության, ազատության և մարդկային արժանապատվության արժեքների հանդեպ նվիրումի և գրական վաստակի համար: Հենց Յաշար Քեմալի ջանքերի շնորհիվ 1951 թվականին կասեցվեց Աղթամարի հայկական Սուրբ Խաչ եկեղեցու ոչնչացմանն ուղղված թուրք իշխանությունների ծրագիրը:
«Այս հողերի վրա միաժամանակ շատ ցավեր ու կոտորածներ են եղել: Բայց կան նաև մարդկության ջանքեր՝ այն կեղտից մաքրելու համար: Այդպիսի ջանքերից մեկն էլ թշնամության դեմ բողոքներն ու խաղաղության համար պայքարն է»,- միջոցառման ժամանակ ասել է Քեմալը: