2026 թ. մայիս 28, հինգշաբթի

Թուրքիայի քրդերը խոստովանում են, որ մասնակցել են հայերի ջարդերին

Թուրքիայի քրդերն ընդունել են իրենց պատասխանատվությունը 1915 թվականին Օսմանյան Թուրքիայում կազմապերպված հայերի զանգվածային ջարդերին մասնակցելու համար և հայերից ներողություն են խնդրում: Այս մասին կիրակի օրը հայտարարել է Պոլսի պատրիարքարանի եպիսկոպոս Սահակ Մաշալյանը, հայտնում է Al-Monitor-ը:

Հաստատելով հայ եպիսկոպոսի խոսքերը՝ հրատարակությունը փոխանցում է Դիարբեքիր քաղաքի Սուր շրջանի քաղաքապետ Աբդուլլահ Դեմիրբաշի հայտարարությունը. «Մենք՝ քրդերս, նույնպես պատասխանատու ենք հայերի տառապանքների համար: Մենք ցավում ենք և պետք է դա ապացուցենք»:

Դեռ երկու տարի առաջ, որպես առաջին քայլ, Դեմիրբաշը քաղաքապետարանում հայոց լեզվի դասընթացներ էր կազմակերպել: Նրա խոսքով՝ դասընթացների հաճախականությունը շատ բարձր էր: «Դասընթացների մասնակիցների մեծ մասը հայերի ժառանգներն են, ովքեր բռնի ուժով մահմեդականացվել են»,- նշել է նա:

Օսմանյան իշխանությունների հրամաններին հնազանդվելով՝ քուրդ առաջնորդները թալանել, բռնաբարել ու սպանել են հայերին, ում հարևանությամբ ապրել էին դարեր շարունակ, գրում է Al-Monitor-ը: 1915 թվականի ջարդերին նրանց մասնակցությունն ապացուցում են բազմաթիվ փաստաթղթեր: Ժամանակի հետ այդ փաստը խոստովանող քրդերի թիվն աճում է:

Թուրք պատմաբան Օսման Քոկլերը վստահ է, որ ջարդերից առաջ Դիարբեքիրի բնակչության ուղիղ կեսը մահմեդական չէր: «Նրանց մեծ մասը հայեր էին, իսկ հիմա այնտեղ ոչ ոք չի մնացել»,- Քոկլերին է մեջբերում հրատարակությունը: