Վերջին տարիներին Հայաստանի հավաքականն ավելի հաճախ հաղթում է մրցակցի հարկի տակ, քան Երևանում: Այս ընտրական փուլում մեր թիմը իր բոլոր հաղթանակները տարել է արտագնա խաղերում: Սակայն երբեք չի եղել այնպես, որ այդ հաղթանակը տրվի ավելացված ժամանակում, այդքան մեծ լինի հաղթական գոլում բախտի գործոնը և այդքան անհավատալի այդ գոլը թվա մինչ հաջողության հասնելը:
Փաստելով, որ երեք միավորը ամեն դեպքում մնում է երեք միավոր, չենք կարող չնշել, որ այսօր Պրագայում կայացած Չեխիայի հավաքականի դեմ խաղում բախտը, իրոք, ամբողջովին Հայաստանի հավաքականի կողմն էր: Ողջ հանդիպման ընթացքում մեր թիմը խաղում էր երկրորդ համարով, սակայն դա այն ֆուտբոլը չէր, որ մենք տեսել էինք Դանիայում: Հայաստանցիները շատ ծանր էին շարժվում՝ հատկապես առաջին կեսում, երբ մրցակիցը դեռ թարմ էր: Մեկնարկային 45 րոպեների ընթացքում Հայաստանի ընտրանին մրցակցի դարպասի մոտ գրեթե ոչինչ չստեղծեց, սակայն կարողացավ գնդակ խփել: Կառլեն Մկրտչյանը, հավանաբար, ինքն էլ չէր սպասում, որ ձախ ոտքով կատարած իր կրակոցն այդքան դիպուկ կլինի:
Չեխերը, մեծ տարածքային առավելություն ունենալով, այդպես էլ գոլին մոտ չեկան: Երկրորդ խաղակեսը մեր թիմն ավելի լավ սկսեց: Հատկապես աչքի էին ընկնում Գևորգ Ղազարյանն ու Հենրիխ Մխիթարյանը, ովքեր բոքս-տու-բոքս կիսապաշտպանների դեր էին տանում, այսինքն՝ մի տուգանային հրապարակից մինչև մյուսը աշխատում էին առանց ուժերը խնայելու: Սուր պահերը մրցակցի դարպասի մոտ ավելացան, սակայն խփած գնդակների դրանք չբերեցին, իսկ խաղակեսի միջնամասում մրցակիցը կրկին ավելի վստահ սկսեց իրեն զգալ:
Եվ անգամ այն ժամանակ, երբ բախտը, կարծես, երեսը թեքեց Հայաստանի հավաքականից Ռոման Բերեզովսկու վնասվածքից և անդրադարձի պատճառով բաց թողած գնդակից հետո, մեր թիմը պայքարեց և ավելացված 3-րդ րոպեին կարողացավ կորզել հաղթանակը: Այդ դրվագում էր Ղազարյանի հարվածից հետո գնդակը դիպավ Պետր Չեխին, ապա, անդրադառնալով հայաստանցի ֆուտբոլիստի գլխից, հայտնվեց դարպասում:
Վերջին 4 հանդիպումները մեր թիմի համար եզրափակչի արժեք ունեն: Առաջին եզրափակիչում հայաստանցիները հաղթեցին: Սակայն 4 օր անց Դանիայի հետ խաղում մեր թիմին ավելին հարկավոր կլինի անել հաջողության հասնելու համար: Երկու անգամ նման հրաշքներ դժվար թե պատահեն՝ անկախ նրանից, որ Պրահայում, ի տարբերություն 20 օր առաջ կայացած Ալբանիայի հետ ընկերական խաղի, Հայաստանի ազգային հավաքականը նվիրումով հանդես եկավ:
Լուսանկարը՝ AFP