ՏԵՍԱՆՅՈՒԹ. Վարդան Պետրոսյանը պատրաստ է միանալ տրանսպորտի թանկացման դեմ պայքարին
Դերասան, դրամատուրգ Վարդան Պետրոսյանը, այսօր լրագրողների հետ հանդիպմանը խոսելով իր հետագա ծրագրերի մասին, ասել է, որ «Ամեն երկուշաբթի» ներկայացումների շարքը հանդիսատեսը հոկտեմբերի 1-ից այսուհետ կդիտի Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում:
Դերասանը նշել է նաև, որ չնայած ներկայացման վերնագիրն է «Ամեն երկուշաբթի», այն կցուցադրվի ամեն երեքշաբթի:
Ներկայացման մեջ նա առանձնացրել է հատկապես վերջին հատվածը, որտեղ հանդիսատեսը համախմբված երգում է:
«Ես շատ էի սպասում, թե իմ առաջարկն ինչ արձագանք կգտնի հանդիսատեսի շրջանում, պատրաստ էի անգամ ծնկի իջնել և խնդրել, որ երգեն, բայց այդպես չեղավ, առանց իմ խնդրանքի երգեցին», - ասել է դերասանը:
Վարդան Պետրոսյանը խոսել է նաև վերջին շրջանում բուռն քննարկումների արժանացած՝ Մաքսային միությանը միանալու Հայաստանի որոշման և ներքաղաքային տրանսպորտի սակագինը վերանայելու մասին:
Մաքսային միությանն անդրադառնալով՝ նա ասել է, որ դա Հայաստանին որոշ չափով կզրկի անկախությունից: Հայաստանը պետք է ձգտի ինքնուրույն լինել, և, եթե հնարավոր է, օգտվել և՛ Մաքսային միությունից, և՛ ԵՄ-ից:
Խոսելով տրանսպորտի սակագնի թանկացման մասին՝ դերասանն ասել է, որ մի անգամ երիտասարդներին հաջողվեց հասնել արդյունքի, ոտքի հանել ողջ քաղաքը՝ ինչպես 1988 թվին. «Եթե նորից փորձեն բարձրացնել տրանսպորտի սակագինը, ես ինքս կկանգնեմ պայքարող երիտասարդների կողքին, որովհետև նման թանկացումներն անմարդկային են»: