Գարնանից չվերթները դադարեցրած «Արմավիա» ավիաընկերության 20 նախկին աշխատակիցներ այսօր նախագահական նստավայրի դիմացի մայթին բողոքի ակցիա են անցկացրել ընկերության սեփականատեր Միխայիլ Բաղդասարովի դեմ:
Նրանք պնդում են, որ Բաղդասարովը վրեժ է լուծում 20 աշխատողներից՝ իրեն դատի տալու համար և չի վճարում աշխատավարձերը, մինչդեռ մյուս աշխատողներին մարտ և ապրիլ ամիսների աշխատավարձերն արդեն բաժանել են:
Ակցիայի մասնակիցներին ընդունել են նախագահական նստավայրում, որտեղ բողոքողները ներկայացրել են իրենց խնդիրները:
«Մեզ բացահայտ ասել են, որ հենց այդ քսանիդ աշխատավարձ չտալու հրահանգը տվել է Բաղդասարովը: Մենք նախագահականում ասացինք այդ մասին և հարցրեցինք՝ արդյո՞ք սա նորմալ երևույթ է: Մեզ ասացին՝ չէ, մենք ոչինչ չենք կարող անել: Ասում են՝ նա դրա իրավունքը ունի: Տվեք դատարան», – ասել է ակցիայի մասնակիցներից մեկը՝ Քրիստինե Մկրտչյանը:
Նշենք, որ 20 բողոքավորները դատարան էին դիմել` իրենց աշխատավարձները կեղծիքներով հաշվելու փաստի դեմ բողոքելով: «Արմավիայի» դեմ այդ գործով մեկ դատական նիստ արդեն տեղի է ունեցել, որին պատասխանող կողմը չի ներկայացել:
Ակցիայի մասնակիցները նախագահականում մեկ այլ հարց էլ են բարձրացրել՝ խոսելով Աշխատանքի տեսչության լուծարման խնդրի մասին: Այս թեման նրանց անհանգստացնում է, քանի որ տեսչությունը զբաղվում էր իրենց աշխատավարձերի վերադարձման հետ կապված դիմումներով: Նախագահականում պատասխանել են, որ տեսչությունը ոչ թե լուծարվել, այլ մտել է Առողջապահության նախարարության կառույցի մեջ և այդ հարցով պետք է դիմել կառավարությանը:
«Մենք, համենայնդեպս, կդիմենք կառավարությանը: Հետո մենք պետք է անընդհատ բողոքի ակցիաներ կազմակերպենք», – ասել է Մկրտչյանը՝ նշելով, որ բողոքի ակցիա են կազմակերպելու նաև ԱՄՆ դեսպանության շենքի մոտ, որպեսզի այնտեղ որոշեն՝ «ինչքանով է մեր երկիրը ժողովրդավարական»: