«Արդեն արել է հանցագործությունը». գիտնականներին իրազեկեցին Փակ շուկայի խնդրի մասին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Մատենադարանի մոտ ակտիվիստներն իրազեկում էին գիտնականներին Փակ շուկայի խնդրի մասին:
«Նախախորհրդարան» նախաձեռնության ներկայացուցիչներն ու ակտիվիստներն այսօր կեսօրին հավաքվել են Մատենադարանի մոտ՝ նպատակ ունենալով «Պատմամշակութային ժառանգության պահպանման հիմնախնդիրները» թեմայով համաժողովի մասնակիցներին իրազեկել «Փակ շուկայի» խնդրի մասին:
Epress.am-ի թղթակցի հետ զրույցում նախաձեռնության անդամ Կարո Եղնուկյանը կարծիք է հայտնել, թե՝ միգուցե համաժողովին ներկա եվրոպացի մասնագետները տեղյակ են խնդրին, քանի որ «Փակ շուկան» քննարկվող ցուցակի մեջ է:
Եղնուկյանը նաև վստահեցրել է, թե իրենք ակցիայի միջոցով կարողացել են իրենց ձայնը տեղ հասցնել, իսկ արդյունքների մասին դժվարացել է կանխատսումներ անել:
«Էական չէ, թե երբ կբացվի շուկան, էականն այն է, որ բացվելուց հետո տգեղ և անօրինական է լինելու և օրինական դառնալ չի կարող: Սամվել Ալեքսանյանը զոռբայությամբ իր ուզածը առաջ է տանում, բայց չի հաջողելու, բացվելուց հետո այն էլի տգեղ է մնալու», - ասել է մեր զրուցակիցը:
Համաժողովի մասնակից, «Պատմամաշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի խմբագիր Գարեգին Ղազարյանը, ով նաև ակցիային է մասնակցել, շեշտել է, թե խնդիրն ավելի խորը արմատներ ունի ու ամեն ինչ կախված է մի մարդուց:
«Ներքաղաքական, ներազգային մթնոլորտն այնպիսին պետք է լինի, որ ամեն մի փողատեր չվարվի այնպես, ինչպես կուզենա՝ հենվելով մի մարդու վրա: Սա է խնդիրը՝ մինչև քաղաքական խոշոր հարցերը չլուծվեն, ոչինչ չի փոխվի, ինչքան էլ ուզում է՝ ճառեմ: Համաժողովում իմ խոսքը ասելու եմ իմ թեմայի մեջ, շուկայի մասին էլ կասեմ, չնայած շուկայի խնդիրը չկա: Ուղղակի անկեղծ ասում եմ, որ հանցագործը արդեն արել է հանցագործությունը, ի՞նչ անենք, հանցականխումը պետք է տեղի ունենա, ոչ թե մտածենք հետևանքների մասին: Մեծ քաղաքական կյանքն է պետք ճիշտ կազմակերպել՝ նախևառաջ մաքուր արդար ընտրություններ անցկացնել, հետո մտածել ուրիշ խնդիրների մասին, թե չէ իմ ճառելով բան չի փոխվի», - եզրափակել է Ղազարյանը: