Մեդիադաշտը ամբողջովին խեղաթյուրված է, և hetq.am կայքի խմբագիր Էդիկ Բաղդասարյանը չի հասկանում, թե ինչու է պետք լրատվամիջոց պահել:
Երեկ Facebook սոցիալական ցանցում արված գրառումից հետո, համաձայն որի ինքը մտմտում է «Հետք»-ը փակելու մասին, Բաղդասարյանը իր դիրքորոշումը պարզաբանել է media.am կայքի հետ զրույցում:
«Մեդիա դաշտում գործելով՝ այլևս չես հասկանում, թե ինչու է պետք թերթ տպագրել, լրատվամիջոց պահել: Անձամբ ինձ հուսահատությունը լրիվ խեղդում է: Մեդիա դաշտն ամբողջովին խեղաթյուրված է», – ասել է նա: Հարցին՝ արդյոք պատճառը ճնշումներն են, խմբագիրը պատասխանել է, որ այդ պատճառով լրատվամիջոց չի փակվում, խնդիրն ավելի պարզ ու միաժամանակ խորքային է:
«Տեսեք, թե ինչպես են պետական պաշտոնյաները, օլիգարխները կարգավորում իրենց հարաբերությունները խմբագիրների հետ, լրագրողները ում պատվերներն են կատարում, ում փողերով են մեկնում հանգստանալու և էլի նման բաներ: Հայաստանում մեդիան ամենավերահսկվող դաշտն է դարձել: Նյութերի, թեմաների վերահսկումը, դրանց հրապարակումների կազմակերպումը հստակ է:
Խնդիրն այն է, որ ինֆորմացիայի ավանդական աղբյուրներն այլևս չեն աշխատում: Այլևս կարիք չկա լրագրողական հետաքննություն անցկացնել (իսկ դա հաճախ ամիսներ է տևում), սեփական աղբյուրները գտնել այս կամ խնդիրը բազմակողմանի ներկայացնելու համար: Հիմա ինֆորմացիայի աղբյուրներն իրենց սեփական մեդիան ունեն ու միանգամից կարողանում են տարածել ինֆորմացիան՝ իրենց հարմար տեսակետից: Հիմա ամեն մի պաշտոնյա ու գերատեսչություն իր մեդիան ունի:
Ոստիկանությունն, օրինակ, մի քանի սեփական կայքեր ունի, որտեղ տեղեկությունն ավելի արագ է հրապարակվում, քան անգամ ոստիկանության պաշտոնական կայքում: Դա աննորմալ իրավիճակ է: Պաշտոնապես ինֆորմացիա չկա, բայց պաշտոնական աղբյուրից սնվող կայքերը գրում են այդ մասին», – պարզաբանել է Բաղդասարյանը:
Կայքերից շատերը, հավելել է խմբագիրը, մեդիա չեն, քանի որ դրանց հիմնական նպատակը ոչ թե ինֆորմացիա հավաքագրելն է, այլ ինֆորմացիա ցրելը:
«Լրագրողները ամիսներով չարչարվում են, մի թեմա են ուսումնասիրում, աշխատում են աղբյուրների հետ, իսկ արդյունքում նրանց աշխատանքը կորչում է այս կայքերի հորձանուտում:
Եվ պետք է ասեմ, որ դա բավական խելացի ու հետևողական է արվում: Մեդիա դաշտի ոչնչացումը պլանավորված գործ է, որը ոչ թե երեկ, այլ շատ ավելի վաղ է սկիզբ առել:
Այս վերջին 4-5 տարում հասանք նրան, որ մեդիա դաշտը լրիվ դատարկվեց ու արժեզրկվեց: Եվ դրանից հետո մի բան է մնում միայն. դաշտից դուրս գալ, քանի որ այստեղ զզվելի բաներ են կատարվում», – ասել է «Հետք»-ի խմբագիրը:
Այս իրավիճակում աշխատելը, իհարկե, անիմաստ է դառնում, կարծում է Բաղդասարյանը, սակայն «Հետքը» հո վա՞ղը չի փակվելու»:
«Իհարկե, մենք բազմաթիվ խնդիրներ ունենք, և հիմնականը ֆինանսական պրոբլեմներն են: Հնարավոր չէ լրագրողներից լավ աշխատանք պահանջել և միևնույն ժամանակ նրանց ընդամենը 60-70 հազար դրամ աշխատավարձ վճարել:
Բայց մենք պարտավորվածություններ ու ծրագրեր ունենք, որոնք պետք է ավարտին հասցնենք: Այնպես որ, մինչև այս տարվա վերջ, հաստատ կաշխատենք: Եվ դեռ մի քանի հետաքննություն պետք է անենք: Հիմա, օրինակ, սպասում ենք օֆշորային պատմությունը հետաքննող քննչական խմբի վերադարձին, որը նախկին հրապարակումների շարունակությունը կդառնա», – ասել է Էդիկ Բաղդասարյանը: