Գրող, հրապարակախոս Զորի Բալայանն իր նամակով նոր բան չի ասել, այլ զարգացրել է Ռուսական կայսրությունը վերականգնելու, դրան աջակցելու Հայաստանի իշխանությունների ու Սերժ Սարգսյանի պատրաստակամությունը: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասել է ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը:
«Մենք չկանք, կա Ռուսաստան և բարյացակամորեն նշում է, որ կա նաև Պարսկաստան»,- ասել է Հայրիկյանը:
Նա նշել է, թե հայտնի գրող-հրապարակախոս, մտավորական լինելով հանդերձ՝ Բալայանը հայ մտավորական չէ՝ «հայի սահմանումն ուրիշ է»:
«Ռաֆայել Պատկանյանն ասում էր՝ «հայ է նա, ով պայքարում է անկախ Հայաստանի համար»: Եթե Բալայանն անկախ Հայաստանի մասին ընդհանրապես մոռանում է, մոռանում է նաև աշխարհի մասին, ուրեմն ինքը հայ չէ: Ես կասկածում եմ՝ ինքը երբևէ կարդացե՞լ է Պետրոս Դուրյան, Դանիել Վարուժան, գիտի՞, որ, Արցախից բացի, Հայաստանն ուրիշ նահանգներ ունի, կամ գիտի՞Սևրի պայմնագրի մասին», – հարցրել է բանախոսը:
Հայրիկյանի խոսքով՝ այդ ամենը արցախակենտրոն մտածելակերպի բացասական հետևանքն է: Քաղաքական գործչի պնդմամբ, հարկավոր է հայակենտրոն լինել՝ այսինքն՝ առանցքում Հայաստանն է, հայ ժողովուրդը, Հայկական հարցը, իսկ Արցախը դրա մի մասն է:
«Արցախակենտրոն մտածելակերպը չարիք է ողջ Հայաստանի, ու նաև Արցախի համար», – ասել է Հայրիկյանը: