Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանն այսօր ներկայացել է Երևանի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան մի խումբ թիկնապահներով, ովքեր սկսել են տեսանկարահանել դատարանի դահլիճում ներկաներին, այդ թվում՝ լրագրողներին: Թիկնապահները մոտենում էին մարդկանց և շատ մոտ տարածությունից տեսախցիկները պահում ուղիղ դեմքերին: Մի քանի լրագրողներ հայտարարել են, որ թիկնապահներն իրավունք չունեն իրենց նկարահանել, որից հետո նկարահանումները դադարել են:
Սուրիկ Խաչատրյանի՝ դատարան գալու առիթն իր հայցն էր Գորիսի նախկին քաղաքապետ Սամվել Հարությունյանի դեմ: Սյունիքի նախկին մարզպետը պահանջում է վերջինիս մեղավոր ճանաչել զրպարտության մեջ և նրանից բռնագանձել 1.5 միլիոն դրամ: Ավելի վաղ Հարությունյանը հայտարարել էր, որ Խաչատրյանը 1992 թվականի դեկտեմբերի 26-ին Արևիկ Միրզոյանի դեմ սպանության փորձ էր իրականացրել, իսկ 1996 թվականի փետրվարի 17-ին կրակել էր Գորիս քաղաքի բնակիչ Անուշավան Առուշանյանի վրա:
Դատավոր Անի Մխիթարյանը հենց սկզբում ընդմիջել է նիստը՝ պնդելով, որպեսզի դատարան ներկայանա հայցվորը՝ Սուրիկ Խաչատրյանը: Այդ պահանջը պայմանավորված էր նրանով, որ նրա ներկայացուցչի՝ Մարտին Զիլֆուշարյանի կողմից դատարան բերված անձնագրի պատճենում անձնագրի համարը չէր համապատասխանում հայցադիմում նշված Խաչատրյանի անձնագրի համարին:
20 րոպե ընդիմջումից հետո Սուրիկ Խաչատրյանի ներկայացուիցչը դատարանին հայտնել է, որ վերջինս այնպիսի աշխարհագրական դիրքում է գտնվում, որ կարող է գալ միայն 50 րոպեից:
Սամվել Հարությունյանի ներկայացուցիչ Մուշեղ Շուշանյանը նշել է, որ ինքը պարտավոր չէ սպասել հայցվոր կողմի անփույթ վերաբերմունքի պատճառով, սակայն դատարանը պնդել է պահանջը, և Սուրիկ Խաչատրյանը դատարան է ներկայացել:
Հաստատելով, որ ինքը լիազորում է Զիլֆուշարյանին ներկայացնել իր շահերը դատարանում, Սուրիկ Խաչատրյանը հեռացել է դատարանի դահլիճից:
Լրագրողները հետևել են նրան՝ հարցեր ուղղելով հարուցված գործից, սակայն նա առանց որևէ հարցի պատասխանելու նստել է մեքենան, որը, սակայն, չի հեռացել տեղանքից, և դրսում սպասել է մինչ նիստի ավարտը:
Նիստին Զիլֆուշարյանն ասել է, որ իրենք պահանջում են, որպեսզի Սամվել Հարութունյանը հերքի այն հայտարարությունները, թե «Սուրիկ Խաչատրյանը կրակել է Արևիկ Միրզոյանի, Անուշավան Առուշանյանի վրա, և որ Գորիսի հիվանդանոցում Առուշանյանի տեղափոխվելու օրն այդտեղ կրակոցներ են արձակել Խաչատրյանի բանդայի ներկայացուցիչները»:
Հայցվորի ներկայացուցչի խոսքով՝ Սուրիկ Խաչատրյանը չի կրակել նշված անձանց վրա և չունի բանդա: Զիլֆուշարյանը նաև հայտատարել է, որ ապացուցելու համար միջնորդելու է դատարան բերել նշված դեպքերի հետ կապված ավարտական ակտերը, որոնք կայացրել են ՊՆ քննչական և Ոստիկանության քննչական ծառայությունները:
Սամվել Հարությունյանի ներկայացուցիչ Մուշեղ Շուշանյանն ասել է, որ պետք է դատարանում ներկայացվի՝ արդյոք Սուրիկ Խաչատրյանը նշված գործերով անցել է որպես կասկածյալ, թե՝ ոչ, արդյոք այդ դեպքերը տեղի ունեցել են և դրանցում շահարկվե՞լ է Սուրիկ Խաչատրյանի անունը, եղե՞լ են այլ հրապարակումներ, որոնցում Սուրիկ Խաչատրյանը մեղադրվել է հրազենային վնասվածքները հասցնելու մեջ:
Դատական հաջորդ նիստը կկայանա նոյեմբերի 19-ին՝ ժամը՝ 12.30-ին: