Ամերիկացիները հայ երեխաներին կօգնեն փաստագրական ֆիլմեր ստեղծել
Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը «Թումո» կենտրոնում անցկացնելու է ֆիլմերի ցուցադրություններ՝ նպատակ ունենալով հայ կինոդիտողներին ներկայացնել ամերիկյան կյանքը: Ցուցադրությունը կրում է «Երիտասարդների ներուժը» խորագիրը և ներկայացնելու է այնպիսի ֆիլմեր, որոնք, կազմակերպիչների խոսքով, կոգեշնչեն երիտասարդներին:
Ցուցաշարը կբացվի «Բրուքլինյան ամրոց» ֆիլմով, որը պատմում է Նյու Յորքի Բրուքլին թաղամասի թիվ 318 հիմնական դպրոցի մասին, որն ունի երկրի լավագույն երիտասարդական շախմատի թիմը: Ֆիլմը պատմում է 5 երիտասարդ շախմատիստների մասին, ովքեր ապրում են վատ սոցիալական պայմաններում, սակայն հաղթում են շախմատում: Այն, որ ԱՄՆ դեսպանատունը ֆիլմը ցուցադրելու է Հայաստանում, պայմանավորված է նաև նրանով, որ Հայաստանում հատուկ վերաբերմունք կա շախմատի հանդեպ, նշել են կազմակերպիչները:
Այսօր ծրագրի բացմանը ֆիլմի հեղինակներից Քեյթի Դելամաջիորեն ասել է, որ ինքը զարմանք է ապրել՝ տեղեկանալով, որ Հայաստանը շախմատը դարձրել է պարտադիր առարկա դպրոցում:
Նշենք, որ ԱՄՆ-ից ժամանած կինոարտադրողները հանդիպումներ են ունենալու «Թումո»-ի սաների հետ, այցելելու են նաև Վանաձոր և Գյումրի: Նրանք օգնելու են երեխաներին ստեղծել իրենց փաստագրական ֆիլմերը:
Ցուցադրումները «Թումո»-ում կմեկնարկեն այսօր և կշարունակվեն մինչև նոյեմբերի 15-ը: