Home / Հայաստան / «Վարդան Պետրոսյանը չլիներ, ով ուզում է լիներ…». փաստաբանները՝ դերասանին կալանավորելու մասին

«Վարդան Պետրոսյանը չլիներ, ով ուզում է լիներ…». փաստաբանները՝ դերասանին կալանավորելու մասին

Հոդվածը, որով քրեական գործ է հարուցվել Վարդան Պետրոսյանի մասնակցությամբ տեղի ունեցած վթարի առթիվ, խոսում է միջին աստիճանի հանցագործության մասին, և նման գործով կալանքի որոշում կայացնելու համար նախաքննական մարմինը շատ լուրջ հիմքեր պետք է ունենա, որ անձին մինչև դատաքննությունը զրկի ազատությունից: Մինչդեռ նախաքննական մարմինը որևէ հիմք չի ներկայացրել: Այս մասին «Չորրորդ ինքնիշխանություն» թերթի հետ զրույցում ասել է Վարդան Պետրոսյանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը:

Նրա խոսքով՝ նման որոշում կարող էր կայացվել, եթե, օրինակ, Վարդան Պետրոսյանը փախուստի փորձ կատարեր, մինչդեռ այս դեպքում ոչ միայն փախուստի փորձ չկա, այլև հիմնավոր կասկած: Բաղդասարյանը համոզմունք է հայտնել, որ վերաքննիչ դատարանը խափանման միջոցը կփոխի, քանի որ դերասանին կալանքի տակ պահելու որևէ իրավական հիմք չկա:

Վթարի հետևանքով տուժած Հակոբյանների ընտանիքի փաստաբան Մարատ Գինոսյանը, իր հերթին, News.am-ի հետ զրույցում հայտարարել է, որ կալանքի կիրառման անհրաժեշտությունը կայանում է նրանում, որպեսզի անձը չխուսափի քննությունից, փախուստի չդիմի, չթաքնվի, չխոընդոտի:

«Այստեղ երկու երեխա է զոհվել, մեկը կյանքի համար պայքարում է, այսպիսի վիճակ է, բարոյական առումով էլ ոնց որ տուժող կողմը կարող է մի քիչ թեթևացած զգա, որ ի վերջո, այդ անձը կստանա իր արժանի պատիժը», – ասել է Գինոսյանը:

Կալանքի որոշումը փաստաբանն արդարացված է համարում, քանի որ «Վարդան Պետրոսյանը չլիներ, ով ուզում է լիներ, մարդը հանցագործություն, թեկուզ անզգույշ հանցագործություն է կատարել, բայց կյանք է խլել»: