Աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն իր ֆեյսբուքյան էջում կոչ է արել օգնել դերասան Վարդան Պետրոսյանին, ում կալանավորել են նոյեմբերի 9-ին:
«Սիրելի ընկերներ, օգնեք Վարդան Պետրոսյանին՝ ստորագրելով այս օնլայն միջնորդությունը, որպեսզի նրան շտապ վերադարձնեն հիվանդանոց` ապրելու համար անհրաժեշտ խնամք ստանալու համար: Նա մեր բոլորի կարիքն ունի: Շնորհակալություն», – գրել է Ազնավուրը:
Հիշեցնենք, որ Վարդան Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել հոկտեմբերի 20-ին տեղի ունեցած ավտովթարի համար՝ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասով (ավտոմեքենա վարող անձի կողմից ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ):
Դերասանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը վստահ է, որ իր պաշտպանյալի նկատմամբ կալանք կիրառելու հիմքերը բացակայում են: Նրա խոսքով՝ կալանքի որոշում կայացնելիս պետք է հաշվի առնել մի շարք գործոններ, այդ թվում և մարդու առողջական վիճակը, ինչը, փաստաբանի խոսքով, անտեսվել է դատարանի կողմից: