Իրավապաշտպան, փաստաբան Արտակ Զեյնալյանը երեկ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցի դեմ բողոքի ակցիայի ժամանակ բերման ենթարկված անձանց պաշտպանելու համար ներկայացել է Ոստիկանության Կենտրոնական բաժին, սակայն նրան թույլ չեն տվել ներս մտնել և իրավաբանական աջակցություն ցույց տալ քաղաքացիներին:
Այսօր լրագրողների հետ հանդիպմանն Արտակ Զեյնալյանն ասել է, որ ականատես է եղել, թե ինչպես են ոստիկանության բաժնում խոչընդոտել նաև Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի աշխատակիրցների աշխատանքը:
«Նրանց Ոստիկանություն են տարել ոչ թե արձանագրություն կազմելու համար, այլ նպատակ են ունեցել խոսքի ազատության իրավունքը, ազատ հավաքներ անցկացնելու իրավունքը ճնշել:
Պատասխանատվությունը կրում է Ոստիկանությունը, անկախ նրանից՝ որ բաժին են տարել: Նպատակը եղել է Հայաստանի ինքնիշխանությունը ստորադասելը Մաքսային միությանը: Հետապնդումն իրականացվել է քաղաքական նպատակներով: Ծեծը, որ իրականցվել է մեքենաների մեջ, անմարդկային վերաբերունք էր, ուժի կիրառումը չի եղել համաչափ: Ձեռնաշղթաների կիրառումը ևս անմարդկային վերաբերմունք է: Սահմանափակված է եղել քաղաքացիների անձնական կյանքի իրավունքը, քանի որ նրանց թույլ չեն տվել օգտվել հեռախոսից»,- ասել է Արտակ Զեյնալյանը:
Իրավապաշտպանի խոսքով՝ խախտումներն ինքը նշում է՝ հղում անելով մարդու իրավունքների Եվրոպական կոնվենցիային, քանի որ ՀՀ Սահմանադրությունը, Զեյնալյանի բնորոշմամբ, «մեր երկրում գրոշի արժեք չունի»: