ԱԺ-ում լրագրողները ստորագրահավաք են սկսել և մտադիր են ՀՀԿ-ական պատգամավոր Մանվել Բադեյանի դեմ բողոք ներկայացնել էթիկայի հանձնաժողով: 15.30-ի դրությամբ ԱԺ-ում հավատարմագրված 47 լրագրող ստորագրել է բողոքի տակ: Ստորագրահավքը նախաձեոնել է «Ժողովուրդ» օրաթերթի լրագրող Սոնա Գրիգորյանը, նա ստորագրությունները հանձնելու է էթիկայի հանձնաժողովի անդամ Նիկոլ Փաշինյանին:
Հիշեցնենք, որ այսօր ԱԺ-ում լրագրողները Բադեյանին խնդրել են պարզաբանել՝ ինչու է վերջինս երեկ եզդիների հասցեին վիրավորական արտահայտություն թույլ տվել, ինչին ի պատասխան պատգամավորը նյութը հրապարակած լրագրողներին վիժվածք է անվանել։
«Դա մասնավոր խոսակցություն էր, ինչի՞ են սարքել հրապարակման առարկա, դա բացարձակապես մասնավոր խոսակցություն էր, տպագրության համար նախատեսված չէր, գործ սարքողների նման վիժվածք են, դրա համար էլ էդպես է, այ դա կարող եք հրապարակել, որ ես իրենց վիժվածք եմ համարում, իսկ եզդիների նկատմամբ որևէ վատ բան չունեմ: Մասնավոր խոսակցություն էր, որը որևէ կապ չունի իմ ինտերվյուի հետ, վերցնում, հրապարակում են», – մասնավորապես, ասել է Բադեյանը։
Հիշեցնենք, որ երեկ Ազգային ժողովում լրագրողը հարց է ուղղել Բադեյանին՝ արդյոք նորմալ է, որ հայաստանյան հեռուստաընկերությամբ «Ինչ, որտեղ, երբ» հաղորդումը ռուսերեն լեզվով է հեռարձակվում։
«Իսկականի՞ց էդքան անմակարդակ եք, որ ըտենց եք մտածում: Եթե փողոցում կանգնած մի եզդի էդ հարցը տար, չէի զարմանա, բայց դուք իսկականից ըտենց ե՞ք մտածում», – հայտարարել է Բադեյանը՝ հավելելով, որ «էդ հաղորդման աշխատանքային լեզուն ռուսերենն ա»:
Բադեյանի խոսքերից վրդովված, «Սինջար» եզդիների միավորման անդամները երեկ Ազգային ժողովի մոտ ակցիա էին անցկացրել՝ պատգամավորին զուգարանի թուղթ ու ավանակի պատկերով նկար ուղարկելով:
Հետագայում «Սինջար»-ը հայտարարություն էր տարածել, որի մեծ ասված էր, թե Մանվել Բադեյանը ներողություն է խնդրել եզդիներից։