Հայաստանի ՊՆ N զորամասում մահացած զինծառայող, շարքային Վանիչկա Հովակիմյանը դեկտեմբերի 10-ի երեկոյան զանգել է հորն ու ասել, որ իրեն այլևս չեն տեսնելու, ու անջատել է հեռախոսը: Չինարիում խոսում են, որ հայրն արագ հետ է զանգել, սակայն որդին արդեն մահացած է եղել: Այս մասին News.am-ին հայտնել է Վանիչկայի դասղեկ Լիանա Խաչատրյանը:
«Վանիչկան երեկոյան ժամը 6-ին զանգել է մորը, հարցրել` ոնց են, որից հետո խնդրել է, որ լավ լինեն: Դրանից հետո խոսել է հոր հետ ու ասել ինքնասպանության մասին: Արամայիսը հետ է զանգել, բայց արդեն ուշ է եղել. Վանիչկան մահացած էր: Գյուղում բոլորս շոկի մեջ ենք»,- ասել է տիկին Խաչատրյանը։
1994թ. ծնված Վանիչկան դասարանի լավագույն սովորողն է եղել, մասնակցել է օլիմպիադաների նույնիսկ մարզային մակարդակով. «Դասարանում 15 տղա են եղել, բոլորն էլ Վանիչկային ուրիշ ձև են սիրել: Հենց մի բան լինում էր, ասում էին` Վանիչկան մեզ կօգնի, կանենք»,- կայքի հետ զրույցում պատմել է դասղեկը:
Վանիչկան տան մեծ երեխան էր. քույրն այս տարի ընդունվել է համալսարան, սակայն ուսման վարձը չվճարելու պատճառով դուրս է մնացել, իսկ եղբայրը դպրոցական է։ Ծնողները զբաղվում են հողագործությամբ:
Երկու տարի առաջ ականի պատճառով ոտքը կորցրած հայրը՝ Արամայիսը, շարունակում է աշխատել ու պահել ընտանիքին: Չինարիի բնակիչները News.am-ի թղթակցի հետ զրույցում ասել են, որ բոլորը ցնցված են, չեն հավատում, որ Վանիչկայի նման խելացի ու գրագետ երեխան կարող էր այդ քայլին դիմել։ Գյուղում խոսակցություններ կան, որ Վանիչկան ինքնասպանությունից առաջ գրություն է թողել, որի բովանդակությունը ոչ ոք չգիտի։
«Բոլոր տոներին պարտադիր զանգում էր, շնորհավորում ինձ, շատ շնորհքով երեխա էր, բայց վերջին 1 ամսվա ընթացքում չէր զանգել, զարմացել էի, ու հիմա էլ լսում եմ, որ մահացել ա: Չգիտեմ, չեմ հասկանում»,- ասել է տիկին Խաչատրյանը: Վանիչկան վեց ամսից ավարտելու էր ծառայությունը։
Վանիչկայի ծնողները գյուղապետ Սամվել Սաղոյանի հետ գնացել են Բերդ, որպեսզի բերեն նրա դին:
Լուսանկարը՝ News.am