5-րդ գումարման Ազգային ժողովում (գործում է 2012 թվականի մայիսի 31-ից) օրինագծերին ամենից շատը «կողմ» է քվեարկել ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը՝ 288 անգամ։ Նրանից մեկ անգամ պակաս են «կողմ» քվեարկել ևս 3 ՀՀԿ-ականներ՝ Ռազմիկ Զոհրաբյանը, Մկրտիչ Մինասյանը և Ալեքսան Պետրոսյանը։ Այս մասին վկայում են parliamentmonitoring.am կայքի հրապարակած տվյալները։
«Կողմ» քվեարկածների առաջին տասնյակում միմիայն իշխող Հանրապետական կուսացկության ներկայացուցիչներն են։
Ամենից հաճախ «դեմ» է քվեարկել ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը՝ 126 անգամ։ Այս ցուցակում երկրորդը «Ժառանգություն» խմբակցությունից Ալեքսանդր Արզումանյանն է՝ 76 «դեմ», երրորդը 73 «դեմ»-ով Ռուբիկ Հակոբյանն է, ով նույնպես «Ժառանգություն» խմբակցությունն է ներկայացնում։
«Ձեռնպահ» քվեարկածների թվում «ռեկորդակիրը» ՀՅԴ-ական Արծվիկ Մինասյանն է՝ 138։ Երկրորդ ու երրորդ հորիզոնականները դարձյալ զբաղեցնում են ՀՅԴ-ականները՝ Արմեն Ռուստամյանն ու Արմեն Բաբայանը, ովքեր, համապատասխանաբար, 109 և 108 անգամ «ձեռնպահ» են քվեարկել։
Արծվիկ Մինասյանը առաջատար է նաև ելույթների քանակով՝ 38, երկրորդը՝ Խոսրով Հարությունյանն է՝ 26, երրորդ-չորրորդ տեղերը բաժանում են ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը և ոչ մի խմբակցությունում չընդգրկված Էդմոն Մարուքյանը՝ 20-ական ելույթ։
ԱԺ նիստերից ամենաշատը՝ 281 անգամ բացակայել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը։ 154 «բացակա» ունի Հրանտ Բագրատյանը, 153 անգամ բացակայել է ՀՅԴ-ական Վահան Հովհաննիսյանը։