Այսօր Ազգային ժողովի մոտից բերման ենթարկված Վարդգես Գասպարիի և Անտոն Իվչենկոյի նկատմամբ Ոստիկանության Արաբկիրի բաժնում կազմվել են վարչական իրավախախտման արձանագրություններ, որից հետո նրանց բաց են թողել: Ոստիկանության պարզաբանման մեջ նշվում է, որ արձանագրությունները կազմվել են Գասպարիի նկատմամբ՝ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 172-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն (Ոստիկանության ծառայողին վիրավորելը), իսկ Իվչենկոյի նկատմամբ՝ 182-րդ հոդվածի համաձայն (Ոստիկանության ծառայողի օրինական կարգադրությանը կամ պահանջին չարամտորեն չենթարկվելը)։
Ոստիկանությունից հայտնում են, որ այլ բերման ենթարկվածներ չկան։
Հիշեցնենք, որ այսօր 12։45-ի սահմաններում ոստիկանները Բաղրամյան պողոտայից բերման են ենթարկել ավելի քան 10-ը ակտիվիստի, որոնք բողոքի ակցիա էին անցկացնում Ազգային ժողովի դարպասների դիմաց։ Այն պահին, երբ ակտիվիստները փակել են Բաղրամյան պողոտայի երթևեկելի մասը ու փորձել են բարձրանալ դեպի ԱԺ-ի շենք, ոստիկանները սկսել են բռնի ուժ կիրառել՝ հրելով և հարվածելով մարդկանց։ Ապա տասնյակ ոստիկաններ արգելափակել են մյուս ակտիվիստների ընթացքը դեպի Ազգային ժողով։
Ակտիվիստներից մի քանիսին բաց են թողել բերման ենթարկելուց մի քանի րոպե անց՝ հենց Բաղրամյան պողոտայում։ Նրանք պատմել են Epress.am-ի թղթակցին, որ բերման ենթարկված Անտոն Իվչենկոյի քթից արյուն էր գալիս, նրան հարվածել էին բերման ենթարկելու ժամանակ։ Ավելի ուշ՝ 13։20-ի սահմաններում, ոստիկանները բացել են ճանապարհը և մարդիկ բարձրացել ու կանգնել են Աժ-ի դարպասների դիմաց։
Ակտիվիստները բողոքում էին Ռուսաստանի հետ դեկտեմբերի 2-ին կնքված «ՀայՌուսգազարդ» ընկերության առքուվաճառքի համաձայնագրի, ինչպես նաև երկու երկրների միջև կնքված մի շարք այլ պայմանագրերի դեմ։