ԱԺ էթիկայի հանձնաժողովն այսօր վարույթ է ընդունել «Սինջար» եզդիների միավորման դիմումը ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մանվել Բադեյանի դեմ: Այս մասին նիստից հետո լրագրողներին հայտնել է հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը:
Էթիկայի հանձնաժողով բերված դիմումը վերաբերում է դեկտեմբերի 10-ին Ազգային ժողովում Բադեյանի թույլ տված արտահայտությանը: Լրագրողի հարցին՝ արդյո՞ք նորմալ է, որ հայաստանյան հեռուստաընկերությամբ «Ինչ, որտեղ, երբ» հաղորդումը ռուսերեն լեզվով է հեռարձակվում, Բադեյանը պատասխանել էր․ «Իսկականի՞ց էդքան անմակարդակ եք, որ ըտենց եք մտածում: Եթե փողոցում կանգնած մի եզդի էդ հարցը տար, չէի զարմանա, բայց դուք իսկականից ըտենց ե՞ք մտածում»:
Բադեյանի խոսքերից վիրավորված՝ «Սինջար» եզդիների միավորման անդամները Ազգային ժողովի մոտ ակցիա էին անցկացրել՝ պատգամավորին զուգարանի թուղթ ու ավանակի պատկերով նկար ուղարկելով:
Ավելի ուշ Բադեյանը պարզաբանել է, որ նկատի չուներ եզդի ժողովրդին, այլ նկատի ուներ այն եզդիին, ով, օրինակ, փողոց է մաքրում և ումից չես կարող գրագիտություն պահանջել, «ասել եմ փողոց մաքրողի իմաստով, ոչ թե եզդի ժողովրդի իմաստով, բա ինչի՞ մինչև վերջ չի գրել»:
Եզդիների ազգային կոմիտեի անդամ Սաշիկ Սուլթանյանն այսօր ասել է, որ այդ հարցը պետք է լուծվի ԱԺ-ում, քանի որ դեպքը տեղի է ունեցել հենց խորհրդարանում և պատգամավորը չարաշահել է իր լիազորութունները։ Դատարան դիմելը Սուլթանյանը սխալ է համարում։
Լուսանկարում՝ «Սինջարի» ներկայացուցիչ Բորիս Թամոյան