Լենքյարանի շրջանային դատարանը երկուշաբթի «Մուսավաթ» կուսակցության նախագահի խորհրդական Յադիգար Սադիգովին դատապարտել է 6 տարվա ազատազրկման՝ խուլիգանության մեղադրանքով։
Դատախազը դատարանին խնդրել էր Սադիգովին դատապարտել 7 տարվա ազատզրկման՝ Ադրբեջանի ՔՕ 221,3 հոդվածի համաձայն (խուլիգանություն՝ զենքի կիրառմամբ)։
Սադիգովը բերման էր ենթարկվել 2013 թվականի հունվարի 27-ին՝ տեղի բնակիչ, ղարաբաղյան պատերազմի վետերան Ռաշիդ Քերիմովի բողոքից հետո, ով պնդում էր, որ Սադիգովն իրեն ծեծի էր ենթարկել Լենքյարանի թեյատներից մեկում։
Դատի ընթացքում մեղադրյալն ու նրա կողմը հայտարարել են, որ քրեական գործը քաղաքական բնույթ է կրում, ու պահանջել արդարացման վճիռ կայացնել։
Հայցվոր Ռաշիդ Քերիմավը, իր հերթին, մահվան սպառնալիքներ է հնչեցրել մեղադրյալի ու նրա փաստաբանների հասցեին։ Դահլիճում ներկա՝ Սադիգովի կողմնակիցները, ի նշան բողոքի, սկսել են երգել Ադրբեջանի օրհներգը։
Յադիգար Սադիգովը Լենքյարանի պետական համալսարանում շուրջ 10 տարի պատմություն է դասավանդել ու աշխատանքից հեռացվել մեկուկես տարի առաջ։ Նա հարավային Ադրբեջանում ամենաակտիվ ընդդիմադիր գործիչներից է։
Սադիգովը 2013 թվականի հունվարին կազմակերպել էր «Մուսավաթ» կուսակցության առաջնորդ Իսա Գամբարի այցը Լենքյարան, որը, սակայն, խափանվել էր ոստիկանության ու իշխող կուսակցության ակտիվիստների կողմից։