Ադրբեջանի առողջապահության նախկին նախարար, քաղբանտարկյալ Ալի Ինսանովը Իլհամ Ալիևին մեղադրել է մոլախաղերի հանդեպ թուլության ու դրա հետևանքով խաղատներում գումարներ կրվելու մեջ։ Հիշեցնենք, որ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին խաղատանը 70 միլիոն եվրո կորցնելու մեջ մեղադրել էր ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության անդամ Զարուհի Փոստանջյանը։
Հունվարի 17-ին Բաքվի վերաքննիչ դատարանում սկսվեց առողջապահության նախկին նախարար Ալի Ինսանովի գործով երկրորդ դատական գործընթացը։ Կրկնակի հետաքննությունն անցկացվում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշման համաձայն, որը վճռել է՝ Ինսանովի՝ արդար դատաքննության իրավունքները խախտվել են։
Այն բանից հետո, երբ դատարանը մերժեց պաշտպան կողմի բոլոր միջնորդություններն ու հրաժարվեց փոխել խափանման միջոցը, Ինսանովը քաղաքական հայտարարություն արեց՝ նշելով, որ ձերբակալվել է անձամբ Իլհամ Ալիևի հրամանով։
«Ձեր նախագահ Իլհամ Ալիևը հրամայել է ինձ թողնել բանտում։ Եթե անգամ ցանկանաք ազատել ինձ, իսկ օրենքները դա թույլ են տալիս, դուք դա չեք անի»,- Ինսանովի խոսքերն է փոխանցում contact.az-ը։
Նա նաև հայտարարել է, որ Իլհամ Ալիևն իր հետ պայքարելու համար «բավարար գրագիտություն ու մակարդակ չունի»։ «Մենք հավատացինք Հեյդար Ալիևին։ Բայց ես ցավում եմ դրա համար։ Իլհամ Ալիևը Ադրբեջանի ժողովրդի համար օտար տարր է»,- ասել է Ինսանովը՝ հավելելով, որ հետագա դատական նիստերի ընթացքում կհայտնի, թե «Իլհամ Ալիևը խաղատանը որքան գումար է պարտվել»։ Նա իշխանություններին նաև մեղադրել է գիտնական Զիյա Բունիյաթովի, լրագրող Էլմար Հուսեյնովի սպանության, ինչպես նաև իշխող «Ենի Ադրբեջան» կուսակցության հիմնադիր անդամներից մեկի՝ Սիրուս Թեբրիզլիի թունավորման մեջ։
Ինսանովը ձերբակալվել է 2005 թվականի հոկտեմբերին՝ պետական հեղաշրջում կատարելու փորձի մեղադրանքով։ 2007 թվականի ապրիլին նա դատապարտվել է 11 տարվա ազատազրկման՝ կաշառքներ ստանալու, իշխանության չարաշահման, մի շարք տնտեսական հանցագործություններ իրականացնելու մեղադրանքով։ Ավելի ուշ իրավապաշտպան կազմակերպություններն Ինսանովին ճանաչել են քաղբանտարկյալ։