Home / Տեսանյութեր / Բնակարան չեն տալիս հանրահավաքների պատճառով, պնդում է ընտանիքի հայրը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Բնակարան չեն տալիս հանրահավաքների պատճառով, պնդում է ընտանիքի հայրը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Վերին Շենգավիթի 1-ին փողոց, տուն 30 հասցեում բնակվող բազմազավակ անապահով ընտանիքին զրկել են օրենքով հասանելի բնակարանից ընդդիմադիր լինելու և հանրահավաքներին մասնակցելու պատճառով։ Այս մասին վերոնշյալ հասցե այցելած Epress.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է Ֆլորա Թորոսյանը։

Տարրական պայմաններից զուրկ խարխուլ պատերով տանը Թորոսյանը բնակվում է միակ որդու՝ Հարություն Քիշմիրյանի, հարսի և 5 անչափահաս թոռների հետ։ Նա պատմել է, որ առնետներն ու տարատեսակ միջատները վնասում են ոչ միայն քանդվող խոնավ պատերն ու հատակի ճոճվող փայտերը, այլև ժամանակ առ ժամանակ կծոտում են քնած երեխաներին։ Թորոսյանը նշել է, որ ծնողներից մնացած տունը պատկանում է իր եղբորը, ով տարիներ առաջ որպես ժամանակավոր կացարան տրամադրել է իրենց, սակայն այժմ պահանջում է ազատել այն։

2anapahov

Մեր զրուցակիցը նշել է, որ 6 թոռներից 1-ը մահացել է բժիշկների անտարբերության ու անփութության պատճառով, իսկ մնացած 5-ի կարիքները հոգալու համար պայմանները բավարար չեն՝ 51 հազար դրամ թոշակը բավականացնում է միայն կոմունալ ծախսերը հոգալու համար։

Բնակարանի խնդրով Թորոսյանը դիմել է նախընտրական արշավ անցկացնող Սերժ Սարգսյանին, սակայն խնդիրն այդպես էլ չի լուծվել։

3anapahov

«Մի նամակ էլ Տարոնի երդմնակալության ժամանակ եմ հանձնել, նաև դիմել եմ Շենգավիթի թաղապետարան։ Աշխատակցուհին եկել ա, տունն ա նայում, ասում եմ՝ «նայի, Հասմիկ, նեղվածք ա, երեխեքս քնելու տեղ չունեն, առնետները տան մեջ վազվզում են, երեխեքին կծում են», տեսնեիք ինչ մուննաթ եկավ մեր վրա, թե՝ «ո՞վ ա ձեզ խնդրել՝ էսքան երեխա բերեք, որ մեզնից էլ տուն եք ուզում, մեր հաշվի՞ն եք երեխա բերում»։ Դիմեցի նոր թաղապետին, ընտրություններին նամակ եկավ, թե «մեզ պիտի ընտրեք»։ Ես էլ ասացի՝ ոչ մեկիդ էլ չեմ ընտրի, եթե օրենքով հասանելի տունը կաշառքով ես տալիս՝ պետք չէ», – պատմել է Թորոսյանը։

Մեր զրուցակիցը նշել է, որ փլված կտուրը նորոգելու խնդրանքով դիմել է թաղապետին, վերջինս դուրս գրած 20 թիթեղներից միայն 15-ն է տվել անապահով ընտանիքին։

«Թաղապետարանի կոմունալ բաժնի աշխատակցուհի Հասմիկը տեսավ, որ տանը շարժվելու տեղ չկա, տղայիս ասել էր, որ երեխեքին ծոցը քնացնի։ Նման բան լսած չկամ, որ 11, 10, 9 տարեկան երեխեն քնի ծնողների ծոցը», – դժգոհել է Թորոսյանը։

Վերջինիս խոսքով՝ քաղաքապետարանից և նախագահականից ստացված նամակներում նշված է, որ անապահովների ցուցակի առաջին տեղում իրենց ընտանիքն է, ուստի մինչև 2013 թվականի ավարտը նրանց բնակարանային խնդիրը լուծում կստանա։

«Անցած տարի քաղաքապետարանից գրել էին, որ մեզ առաջնահերթ բնակարանով են ապահովելու, Տիգրան Սարգսյանը նոյեմբերին պետք ա հրամանը տար, հիմա էլ ասում են, թե ընդդիմադիր ենք, դրա համար էլ տան հերթից դուրս ենք մնացել», – բողոքել է Թորոսյանը։

1anapahov

Որդին էլ ընդգծել է, որ թաղամասի հանրապետականներն ու ավագանու մի քանի անդամներ իրեն բազմաթիվ անգամ սպառնացել ու «լավով զգուշացրել» են, որ հանրահավաքների գնալուց ու բողոքելուց առաջ մտածի իր ընտանիքի ու երեխաների մասին։

«Ասում են՝ արի, դարձի հանրապետական, տան հարցը կլուծենք, էլ չեն մտածում, որ ինձ օրենքով ա էդ տունը հասնում։ Ազատամարտիկների հանրահավաքի ժամանակ ավագանու անդամ 2 լակոտ եկան, ինձ ասեցին, որ չմասնակցեմ ու չբողոքեմ, ես էլ ասեցի՝ տունս եմ ուզում։ Սրանք էլ, թե «ախպեր, լուրջ հարց ա, որ էդքանը հասկանում ես՝ արի կանգնի կողքներս, քեզ կնայենք»։ Ես ազգի դավաճան չեմ, որ դառնամ հանրապետական ու ասեմ՝ «Առաջ՝ Հայաստան», կամ էլ «Ապահով Հայաստան»», – նշել է Քիշմիրյանը։

4anapahov

Epress.am-ի գրավոր հարցմանը՝ արդյո՞ք Քիշմիրյանի բազմազավակ ընտանիքը ներառված է անապահովների ցուցակում և հերթագրված է բնակարան ստանալու համար, Քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչությունից տեղեկացրել են, որ Վերին Շենգավիթի 1-ին փողոցի 30 տան բնակիչ Հարություն Քիշմիրյանի բազմազավակ ընտանիքը ներառված է սոցիալապես անապահովների «Փարոս» ծրագրում։

«ՀՀ կառավարության 2013 թվականի օգոստոսի 1-ի նիստում հաստատվել է բնակելի տարածություն ստանալու իրավունք ունեցող՝ սոցիալապես անապահով և հատուկ խմբերին դասված անձանց ցանկը, բնակելի տարածության կարիք ունեցող սոցիալապես անապահով և հատուկ խմբերին դասված անձանց (ընտանիքներին) հաշվառելու, կացարանի և այլ սոցիալական ծառայությունների տրամադրման կարգը։ Որպես սոցիալապես անապահով՝ բազմազավակ ընտանիք, նրանց բնակարանային խնդիրը կարող է քննարկվել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում։ Միաժամանակ ՀՀ քաղաքաշինության նախարարության կողմից մշակվում է «Սոցիալական բնակարանային ֆոնդի ձևավորման» ռազմավարական ծրագիր, որի ընդունումից հետո, համապատասխան բնակելի ֆոնդ ստեղծելու պարագայում, հնարավորություն կստեղծվի քննարկելու բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող ընտանիքների խնդիրները»,- նշված է Երևանի քաղաքապետարանից ստացված պատասխանում։