Ադրբեջանական բանակի կապիտան Էլնար Ջաֆարովը սպանվել է հայկական կողմից արձակված կրակոցից։ Այս մասին հայտնում է APA գործակալությունը, որի տվյալների համաձայն, միջադեպը տեղի է ունեցել հունվարի 23-ին՝ Ղարաբաղի Մարտակերտի շրջանի շփման գծում։
Ավելի վաղ Ղարաբաղի պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը ժամը 23:50-ից մինչև 00:15-ի սահմաններում ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծի հյուսիսարևելյան (Ջրաբերդ) և հարավարևելյան (Կորգան) ուղղություններում արձանագրվել են ադրբեջանական դիվերսիոն խմբերի ներթափանցման միաժամանակյա փորձեր, որի հետևանքով մահացել է կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանը։
Արձագանքելով հայ զինվորի մահվան լուրին՝ ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը հայտարարել էր, որ ադրբեջանական կողմը անպատիժ չի մնա․ «Հայկական կողմը թշնամու նման գործողությունները երբեք անպատասխան չի թողնում։ Այս անգամ էլ սադրանքն անպատիժ չի մնա։ Հայաստանի հետ սահմանում հանգիստ է, և հայկական զինված ուժերը ոչ միայն վերահսկում են իրավիճակը, այլև հանդիսանում են թելադրող»։
Իր հերթին, Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերքել էր ԼՂ Պաշտպանության բանակի մամուլի ծառայության տեղեկատվությունն այն մասին, թե ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծում դիվերսիա է գրանցվել։
Մինչ օրս, սակայն, Հայաստանի ու Ադրբեջանի ռազմական գերատեսչությունները հաղորդում են հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի խախտումների մասին։ Հաղորդագրություններն ավարտվում են «թշնամու կրակը կասեցվել է պատասխան հարվածով» արտահայտությամբ։
Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությունը հայտնում է, որ հունվարի 22-ի լույս 23-ի գիշերը հայկական կողմը 138 անգամ կրակ է բացել Տավուշի մարզի հայ-ադրբեջանական սահմանին, ինչպես նաև Ղարաբաղի Ֆիզուլիի, Ջաբրայիլի ու Աղդամի շրջաններում։ Հայաստանի ՊՆ-ն տեղեկացնում է կրակի բացման շուրջ 300 դեպքի մասին։
Միևնույն ժամանակ, վերջին երկու օրերին Ադրբեջանից տեղեկետություններ են ստացվում զինվորների ինքնասպանության մի շարք դեպքերի մասին։ Ըստ երևանյան ԶԼՄ-ների՝ ադրբեջանական կողմը փորձում է սահմանին մահացածներին ներկայացնել որպես ինքնասպանության զոհեր։