ՀՀԿ-ական պատգամավոր, օլիգարխ Սամվել Ալեքսանյանի աջակիցների կողմից Կարո Եղնուկյանի մեքենայի՝ 1000 դոլար արժողությամբ չորս անվադողերը վնասելու գործը ոստիկանությունը կարճել է՝ վնասը գնահատելով 30.000 դրամ:
Կարո Եղնուկյանը դիմել է դատարան: Գործով նիստը կկայանա Արաբկիր Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում:
Եղնուկյանի փաստաբան Տիգրան Հայրապետյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ կարծիք է հայտնել, որ, անվադողերը վնասելով, հանցագործները ցանկացել են ասել, թե «նույն բանը սպասվում է քեզ, եթե շարունակես ակցիաների մասնակցել»:
«Ու մի քանի օր հետո ջարդեցին Կարո Եղնուկյանի մյուս մեքենան՝ վնաս հասցնելով դիմապակուն ու մարտկոցին: Հետապնդել են մեքենաներով, շրջափակել, ամեն կերպ փորձել են արգելել նրա մասնակցությունը ակցիաներին», – ասել է Հայրապետյանը:
Նշենք, որ Կարո Եղնուկյանն այլ ակտիվիստների թվում մի շարք ակցիաների է մասնակցել «Փակ շուկայի» մոտ՝ պնդելով, որ Սամվել Ալեքսանյանն աղճատել է պատմական հուշարձան համարվող շուկայի շենքը։