Փետրվարի 2-ին, ժամը 13։00-ին Ազատության հրապարակում միջոցառում է կազմակերպվելու, որը նվիրված է Հայաստանի բոլոր ժամանակների քաղբանտարկյալներին։ Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասել է միջոցառման կազմակերպիչներից մեկը՝ Վրեժ Զատիկյանը։
Վերջինիս խոսքով՝ փետրվարի 2-ին ներկայումս անազատության մեջ գտնվող քաղբանտարկյալ Շանթ Հարությունյանի ծննդյան օրն է։ Զատիկյանն ընդգծել է, որ այսօր Հայաստանում 15 քաղբանտարկյալ կա, 14-ը ձերբակալվել էին նոյեմբերի 5-ին՝ Շանթ Հարությունյանի նախաձեռնած երթի մեկնարկին, իսկ 1-ը պահեստազորի գնդապետ, ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանն է։
Փետրվարի 2-ին կայանալիք հավաքին Ազատության հրապարակում երգելու է էդվարդ Զորիկյանը, ինչպես նաև Հայոց պատմության էջերին վերաբերող քննարկում է տեղի ունենալու, մասնավորապես, խոսվելու է Գարեգին Նժդեհի մասին։
Ասուլիսի մեկ այլ մասնակից, իրավապաշտպան Արթուր Սաքունցն ասել է, որ Հայաստանի պատմության ընթացքում շատ քաղբանտարկյալներ են եղել, բայց Հարությունյանի դեպքն առանձնահատուկ է, քանի որ նա նաև Ռուսաստանի քաղբանտարկյալ է այն պատճառով, որ պայքարում էր պուտինյան ռեժիմի դեմ։
Իրավապաշտպանը նշել է, որ Հարությունյանի և նրա հետ ձերբակալված անձանց նկատմամբ քաղաքական ուժերի, մասնավորապես, Աժ խմբակցությունների ուշադրությունը մեծ չէ։ Չնայած, Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպությունն անդրադարձել է Հարությունյանի դեպքին և տեղի ունեցածը որակել է քաղաքական հետապնդում, Սաքունցի խոսքով, լայն առումով միջազգային հանրությունը նոյեմբերի 5-ին Երևանում տեղի ունեցածին դեռ գնահատական չի տվել։