Ադրբեջանի Զինված ուժերի զինծառայող, 2013 թվականի դեկտեմբերին մահացած Օրհան Ալիևի հայրը հայտարարել է, որ իր որդուն սպանել են։ Նա հետաքննությանը մեղադրել է հանցագործությունը քողարկելու մեջ, հայտնում է ադրբեջանական Contact.az կայքը։
Նա ներկայացրել է նամակներ, որոնք ստացել է ռազմական դատախազությունից, ինչպես նաև Bakcell բջջային օպերատորի տրամադրած՝ կատարված հեռախոսազանգերի վերծանումը։ Ռազմական դատախազության՝ մահացածի ընտանիքին ուղղված նամակում նշված է, որ զինվորը մահացել է դեկտեմբերի 11-ին՝ ժամը 00․10-ին։ Համաձայն բջջային օպերատորի վերծանումների, սակայն, Ալիևը դեկտեմբերի 11-ին ժամը 00․25-ին հեռախոսով զրուցել է եղբոր հետ։
«Այդ ամենը տեղի է ունեցել զորամասում ապրող 32 մարդու աչքի առաջ։ Երբ տղաս հեռախոսով խոսում էր եղբոր հետ, վեճ է բռնկվել, որից հետո նրան սպանել են։ Նրանք բոլորն այնտեղ են․ թե մարդասպանը, թե ականատեսները։ Սպանության գործով, սակայն, մինչ այժմ ոչ ոք չի ձերբակալվել»,- հունվարի 30-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Օրհան Ալիևի հայրը՝ Շիրազի Ալիևը։
Նա նշել է, որ առանց ընտանիքին տեղյակ պահելու ու առանց դեպքի վայրը խուզարկելու, դատախազության աշխատակիցներն իր որդու դին տարել են փորձաքննության։ «Այնտեղ նրանք կապտուկների վրա սառույց են դրել՝ վիրավորումների հետքերը թաքցնելու համար։ Հետաքննության համար կարևոր նշանակություն ունեցող ներքնաշապիկը առգրավվել է։ Որդուս ներքին օրգանները նույնպես առգրավվել են՝ վաճառելու նպատակով։ Օրենսդրության համաձայն, բժշկական փորձաքննության ժամանակ ծնողները պետք է ներկա լինեին»,- ասել է Ալիևը։
«Որդուս սպանել են։ Նրան ծեծելով մահվան են հասցրել։ Ես հերքում եմ հետաքննության ու դատա-բժշկական փորձաննության արդյունքները։ Փորձաքննությունը պնդում է, որ որդիս մահացել է հիպերտրոֆիկ կարդիոմիոպաթիայից։ Թող Ալլահն այդպիսի ախտորոշում տա նրանց, ովքեր դա հորինել են, ու նրանց երեխաներին»,- ասել է նա։
Հոր խոսքով՝ զորակոչվելուց երկու օր առաջ իր որդին բժշկական հետազոտություն էր անցել Նավթագործների կենտրոնական հիվանդանոցում։ Նա բժշկական տեղեկանքներ է ներկայացրել, որոնք վկայում են, որ իր որդին լիովին առողջ էր։ «Օրհանը գնդում վազքի մրցույթում առաջին տեղն էր գրավել ու արժանացել հրամանատարի կոչման։ Տղաս ֆիզիկապես առողջ էր, հաղթել է մրցույթներում, ատլետիկ կազմվածք ուներ»,- ասել է Ալիևը։
Նա դիմել է Ադրբեջանի նախագահին՝ խնդրելով օգնել բացահայտել որդու սպանության մեղավորներին ու պատժել հետաքննությունը կեղծողներին։