Երևանի Մոսկովյան փողոցի թիվ 17 հասցեում, որտեղ գտնվում է դերասան Գոռ Վարդանյանի ղեկավարած կարատեի ֆեդերացիան, հայտնաբերվել է մեծ քանակի զենք-զինամթերք։ ՀՀ ԱԻՆ լրատվական ծառայության փոխանցմամբ՝ մասնագետները հայտնաբերել են Ֆ-1 տիպի 2 նռնակ (մեկը ուսումնական), լուսային ազդանշանային հրթիռներ 34 հատ, ԱԿ-74 ինքնաձիգի փամփուշտներ, փամփուշտի 1 պարունակ, «ДШ» տիպի պայթուցիչի լար գործարանային 1 կապոց, «КД» տիպի պայթուցիչներ 3 գործարանային տուփ, նռնակների պայթուցիչներ 8 հատ և «ТНТ» տիպի պայթուցիչ (տրոտիլ) 0.5 կգ:
Սենյակի չհրկիզվող պահարանից հայտնաբերվել են 77 հատ ԱԿ-74 ինքնաձիգի ուսումնական փամփուշտներ: Հայտնաբերված զինամթերքը տեղափոխվել է Կենտրոնի ՈԲ:
Նշենք, որ նախօրեին ոստիկանության կողմից ձերբակալված Իսրայել Սարգսյանը կարատեի ֆեդերացիայի անդամ է եղել: Նա ձերբակալվել էր քրեական հեղինակություն Թևոսիկի եղբոր՝ Արթուր Սաֆարյանի սպանության գործով: