Գրող, դրամատուրգ ու ռեժիսոր Ռուստամ Իբրագիմբեկովը կշարունակի մնալ Ադրբեջանի Ժողովրդավարական ուժերի Ազգային խորհրդի «պատվավոր նախագահ», ինչը հղի է անակնկալներով նաև նրա ընտանիքի համար։ Այս մասին իր 75-ամյա տարեդարձի նախօրեին «Մոսկովսկի կոմսոմոլեց» թերթի հետ զրույցում ասել է Իբրագիմբեկովը։
Զրույցի ընթացքում նա նաև պատմել է ադրբեջանական քաղաքականության մեջ ներգրավվելու փորձի մասին․
– Ինձ համար Ադրբեջանում նախագահական ընտրությունների պատմությունը հողմաղացների դեմ պայքարի դեպքերից մեկն է, որից խուսափել չէի կարող։ Ես լավ հասկանում էի, որ երկրի իշխանությունը ֆինանսական ու կազմակերպչական տեսանկյունից այնքան լավ էր պաշտպանված, որ անգամ ընտրությունների ժամանակ ձայների մեծամասնությունը հավաքելու դեպքում անհնարին կլիներ հասնել դրա հեռացմանը։ Ադրբեջանում իրավիճակը, սակայն, այժմ էլ այնպիսին է, որ իրեն հարգող մարդն իրեն նվաստացած է զգում։
Ես չէի ցանկանում քաղաքականությամբ զբաղվել։ Ես մնացած տարիներիս համար զբաղմունք ունեմ։ Բայց հողմաղացներ հայտնվում են յուրաքանչյուրիս ճանապարհին՝ անկախ մեր ցանկությունից։ Ես մի քանի հոդված եմ գրել համակարգային կոռուպցիայի, կրթության խնդիրների, միջպետական հարաբերությունների ու իմ սիրելի Բաքվում ժողովրդագրական իրավիճակի մասին։ Ինձ թշնամի հայտարարեցին, ու ես դարձա առաջինը՝ «հողմաղացի» դեմ պայքարողների շարքում։ Ընտրական արշավից դուրս մնացի «տեխնիկական» պատճառներով՝ երկրորդ՝ Ռուսաստանի քաղաքացիության պատճառով։ Բայց ես չեմ զղջում, որ, հետևելով Մաստրոյանիի բաղադրատոմսին, կյանքումս ստեղծեցի շրջադարձ՝ դեռևս շարունակվող հետևանքներով։