Գազային պայմանագրերը քննող ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու 4 ոչ կոալիցիոն ուժերի առաջարկն ԱԺ լիազորությունների շրջանակներում էր, սակայն ՀՀԿ-ն չի ցանկացել դա ընդունել՝ այդ հարցերը վերագրելով հանրային ծառայությունների կարգավորման հանձնաժողովին։ Այս մասին այսօր, ամփոփելով անցած քառօրյան, հայտարարել է «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը։
Հիշեցնենք, որ ՀՀԿ-ն դեմ էր քվեարկել հանձնաժողովի ստեղծման առաջարկին։
ՀՀԿ-ի որոշումը քննադատել է նաև ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը: Նա անդրարդաձել է ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հայտարարությանը, թե ինքը պատրաստակամ է ինչ-որ ձևաչափ մտածել «նստել-քննարկելու»: Ըստ Ռուստամյանի` հանձնաժողովը հենց դա էր՝ «նստել-քննարկելու» տարբերակ էր:
Թե՛ Հակոբյանը, թե՛ Ռուստամյանն ասել են, որ այս փորձը ևս ցույց է տալիս, որ երկրում փոփոխության հասնելու միակ ճանապարհը չորս ոչ կոալիցիոն ուժերի համախմբումն է:
«Քաղաքական դաշտը պետք է ռեալ գնահատի երկրում ստեղծված իրավիճակը, և ուժերը պետք է միասին դուրս գան պայքարի։ Չորս ուժերը համամիտ են այս գնահատականի հետ. միայն իշխանությունն է ասում՝ մենք կառուցում ենք «ապահով Հայաստան»»,- ասել է Ռուբեն Հակոբյանը: