Երեկ՝ փետրվարի 24-ին, համացանցում հայտնվել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ու նրա որդու՝ Բիլալ Էրդողանի՝ 2013 թվականի դեկտեմբերի 17-ին տեղի ունեցած հեռախոսազրույցների ձայնագրությունը, հայտնում են թուրքական ԶԼՄ-ները։
Ձայնագրությունում լսվում է՝ ինչպես է ենթադրյալ Էրդողանը որդուն դեկտեմբերի 17-ին՝ Թուրքիայում խոշոր կոռուպցիոն սկանդալի բռնկման օրը, հրահանգում ազատվել խոշոր գումարներից։ Էրդողանը որդուն խնդրում է տանը գտնվող 30 միլիոն եվրոն վերցնել ու բաժանել իրենց հարազատներին։
Վարչապետի գրասենյակը հանդես է եկել հայտարարությամբ՝ հերքելով ձայնագրությունների իրական լինելը։ «Վարչապետի ու նրա որդու միջև ենթադրյալ հեռախոսազրույցների՝ համացանցում տարածված ձայնագրությունները արժանահավատ չեն, դա անբարո կեղծիք է»,- ասված է հայտարարության մեջ։
Ընդդիմադիր Հանրապետական ժողովրդական կուսակցությունը, սակայն, հայտարարել է, որ ձայնագրություններն իրական են, ու Էրդողանին կոչ է արել հրաժարական տալ։
Նշենք, որ Թուրքիայի վարչապետի ու նրա որդու միջև հեռախոսազրույցների ձայնագրությունը համացանցում հայտնվել է երեկ բացահայտված զանգվածային գաղտնալսումների շրջանակում։ Թուրքական ԶԼՄ-ների փոխանցմամբ, երկրում հազարավոր մարդիկ, այդ թվում` վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ազգային հետախուզության տնօրեն Հաքան Ֆիդանը, մեծ թվով լրագրողներ, գիտնականներ, գործարարներ ու ՀԿ ներկայացուցիչներ, տարիներ շարունակ գաղտնալսվել են ոստիկանության կողմից։