«Վլադիմիր Պուտինն ընդդիմությունից հետք անգամ չի թողել։ Նա ոչնչացրել է իշխանափոխության նորմալ ուղիները։ Դա նույնն է, ինչ անապատ ստեղծելը։ Ո՞վ կարող է ապրել անապատում։ Միայն օձերն ու առնետները»։ Russian.rt.com-ի փոխանցմամբ՝ իսպանական El Mundo թերթի հետ զրույցում նման հայտարարություն է արել շախմատի աշխարհի նախկին չեմպիոն Գարի Կասպարովը՝ մեկնաբանելով Ուկրաինայում վերջին իրադարձությունների ֆոնին Ռուսաստանում ստեղծված իրավիճակը։
«Ռուսաստանում Մայդան հնարավոր չէ, քանի որ դրան խանգարում է Պուտինի ռեժիմը»,- ասել է Կասպարովը։
Պատասխանելով լրագրողի՝ Ուկրաինայի ապագայի վերաբերյալ հարցին՝ նա նշել է, որ այդ երկիրը հաջողությամբ առաջ է շարժվելու, քանի որ այն միշտ ուժեղ ընդդիմություն է ունեցել։
Հարցին՝ արդյոք Պուտինի ռեժիմը կարող է նույն ճակատագրին արժանանալ, Կասպարովը պատասխանել է․ «Ռուսաստանում դա չի կարող տեղի ունենալ։ Պուտինի վերջը, միանշանակ, կարող էր գալ զանգվածային բողոքի ցույցերի դեպքում, սակայն այնպես ստացվեց, որ ցույցերը Ռուսաստանում միշտ խաղաղ են եղել։ Իսկ մարդիկ բանտ էին ընկնում միայն այն պատճառով, որ դուրս էին եկել փողոցներ՝ բողոքելու։ Ցավում եմ, բայց ապագայում Ռուսաստանը շարունակելու է իր գոյությունն այդ խիստ բռնապետության տակ ու առանց իրական ընդդիմության»։
Շախմատիստը նշում է, որ Մայդանի հաջողությունը կայանում էր նրանում, որ դրան համատեղ մասնակցում էին լիբերալ ու ազգայնական ուժերը։ Իսկ Ռուսաստանում, նրա խոսքով, այդ երկու շերտերի միջև լուրջ պառակտում գոյություն ունի։ «Մենք՝ ռուսներս, 2011-ին խաղաղ Մայդանի հնարավորություն ունեինք, էլիտան, սակայն, այդ գաղափարին դավաճանեց»։
Կասպարովը նաև նշել է, որ Ուկրաինան դեռ պետք է պայքարի Պուտինի՝ երկիրը մասնատելու փորձի դեմ․ «Նա չի ցանկանում ենթարկել ամբողջ երկիրը, այլ միայն դրա մի քանի գոտիները։ Կարծում եմ՝ Ուկրաինայի արևելքում հաջողության չի հասնի, իսկ ահա Ղրիմում, Սևաստոպոլում ու Կերչում՝ այո»։ Նրա խոսքով՝ հիմա կարևոր է, որ ԱՄՆ-ն ու Եվրոպան դադարեցնեն դատարկ խոսակցություններն ու Ուկրաինային ինչ-որ բան առաջարկեն․ «Ու խոսքը գումարներ ծախսելու մասին չէ, այլ երկրում ներդրումներ կատարելու։ Ուկրաինան կամ կարող է շարժվել Եվրոպայի ուղղությամբ՝ տնտեսական կայունության շնորհիվ, կամ դեպի քաոս ու ապակայունացում՝ Պուտինի միջամտության պատճառով»։
Ռուսաստանի կողմից հնարավոր պատերազմական գործողությունների մասին հարցին Կասպարովը պատասխանել է․ «Չեմ կարծում, որ դա տեղի կունենա, սակայն բռնապետին պարգև է պետք։ Պուտինը վրեժխնդիր է լինելու Ուկրաինայում պարտված պայքարի համար։ Նրան պետք է մի բան, որ կարող է ցույց տալ ռուսներին՝ որպես մրցանակ, որպեսզի վերականգնի Ռուսաստանի հզորությունը։ Ու նրա թիրախը Սևաստոպոլն է»։
Կասպարովի խոսքով՝ Ուկրաինայի համար պայքարի պարտությունը Պուտինի մասին առասպելի փլուզումն է։ Ռուսաստանի նախագահը պետք է ցույց տա, որ ինչ-որ բան ունի, որ ինքը պետք է, ու դա պետք է անել շատ արագ, քանի որ «Կիևն արդեն կորցրել է»։