Home / Տեսանյութեր / Մեծամասնությունը Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի Միությանը «Կողմ» է քվեարկել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Մեծամասնությունը Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի Միությանը «Կողմ» է քվեարկել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Տվյալ սյուժեն քաղվածք է ադրբեջանաբնակ Թեքալի գյուղում մարտի 8-ին նկարահանված տեսանյութից։ Այս անգամ Ադրբեջանի, Վրաստանի և Հայաստանի գյուղերի ու քաղաքների բնակիչները քննարկում էին Հարավային Կովկասի երկրների՝ մեկ Միության մեջ ընդգրկվելու դրական ու բացասական կողմերը։

Թեքալիի գործընթացի այս տարվա բոլոր ակցիաներն ու հանդիպումները նվիրված են Հակամարտությունների և բանակցությունների միջազգային կենտրոնի հիմնադիր ու տնօրեն, գիտնական, Կովկասում խաղաղության, մարդու իրավունքների ու ազատությունների մարտիկ Գիորգի Խուցիշվիլիի հիշատակին։ Խուցիշվիլին Թեքալիի գործընթացի առաջին քաղաքացիական լսման ժամանակ, որը տեղի է ունեցել 2011 թվականի մարտին, առաջին զեկուցողն էր ու հանդես էր գալիս «կողմ»՝ «Վրաստանը՝ միջնորդ հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման գործընթացում․ կողմ և դեմ» թեմայով քաղաքացիական լսման ժամանակ։

«Հարավկովկասյան Միություն» թեմայով հանդիպմանը «կողմ» հանդես են եկել իրավապաշտպան, շտապ օգնության բժիշկ, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Ադրբեջանի գրասենյակի Ղազախ-Աղստաֆայի մասնաճյուղի համակարգող Համիս Մասիմովը և լրագրող, Արտասահմանյան թղթակիցների ասոցիացիայի նախագահ, «Իզվեստիա» թերթի հայաստանյան թղթակից Տիգրան Հովհաննիսյանը։ «Դեմ» հանդես է եկել լրագրող, Media.ge, NPO.GE կայքերի խմբագիր, Վրաստանի լրագրողական էթիկայի խարտիայի խորհրդի անդամ Դավիթ Մչելիձեն։ Հանդիպման մոդերատորն էր խաղաղարար նախաձեռնությունների Կովկասյան կենտրոնի նախագահ Գեորգի Վանյանը։

Հանդիպման ընթացքում քննարկված զեկույցների տեքստերն արդեն հրապարակվել են southcaucasus.com կայքում։

Քաղաքացիական լսումը իրականացվում է Խաղաղարար նախաձեռնությունների կովկասյան կենտրոնի կողմից՝ «Մարդու իրավունքների խորհրդանշական դատարան» նախագծի շրջանակներում՝ National Endowment for Democracy կազմակերպության աջակցությամբ, «Թեքալի» ասոցիացիայի ու Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Ադրբեջանի գրասենյակի Ղազախ-Աղստաֆայի մասնաճյուղի կազմակերպչական աջակցությամբ։